Ս.թ. հուլիսի 3-ին կառավարությունում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են տեղեկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով կատարման ենթական միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մասնավորապես, կարևոր ձեռքբերումների շարքում նշել է 2019թ.-ի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը և կոռուպցիայի քրեականացման առումով՝ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերի նախատեսումը։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գույքի, եկամուտների և շահերի հայտարարգրման համակարգին, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգման մեթոդաբանությանը և այլ հարցերին առնչվող թեմաներ, ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության համատեքստում կարևորվել է իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը:

Վարչապետը նշել է, որ հայտարարագրման գործուն համակարգի ներդրումը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարևոր գործիքներից է, և պետք է հետևողական առաջ գնալ այս ճանապարհով:

Սկզբնաղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք։