«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ Երևանի կենտրոնի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) և հարակից փողոցի կառուցապատմամբ զբաղվող 17 ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է Էդուարդ Մելիքյանի հետ, որը տարիներ առաջ նույն տարածքում կառուցապատում սկսած, սակայն այդպես էլ չավարտած ու սնանկացած «Գլենդեյլ Հիլզ» ընկերության բաժնետերերից էր։

ԹԻՀԿ-ն այս հանգամանքի վրա հրավիրել է իրավապահների ուշադրությունը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ «Այդ նույն կազմակերպությունը, դնելով այլ դիմակ և մասնատվելով 17 այլ կազմակերպությունների և հանդես գալով այլ անուններով, իրականացնում է կառուցապատում։ Կառուցապատում իրականացնող ընկերության տնօրենը, որը «Գլենդեյլ Հիլզ»-ի ողջ կենսագրության մեջ եղել է, նաև կառավարել է «Սիթի Սենթր Դիվելըփմենթ»-ը, այդ ամբողջ ընթացքում այդ մարդը ներկայացրել է իրենց շահերը և հիմա նույն մարդը միայնակ ներկայացնում է 17 կազմակերպություններին», - մատնանշել է ԹԻՀԿ տնօրեն Սոնա Այվազյանը։

Պարզաբանելով, թե ինչու է որոշվել հանցագործության մասին հաղորդում ներկայացնել հատուկ քննչական ծառայությանը՝ Այվազյանը նշել է, որ ԹԻՀԿ ուսումնասիրությունը վկայում է, որ կան հիմնավոր կասկածներ առ այն, որ Էդուարդ Մելիքյանը և այլ անձինք, ոչ թե մեկ, այլ տասնյակ ընկերությունների անունից հանդես գալով, փորձում են թվացյալ մրցակցության տպավորություն ստեղծել, ինչի արդյունքում կկարողանան հեշտությամբ յուրացնել իրացման գոտում գտնվող քաղաքացիների գույքը։ «Քաղաքաշինության կոմիտեն պետք է կազմակերպեր մրցույթ, որն անհասկանալի պատճառներով չի իրականացվել, և ամբողջը հանձնվել է հենց այդ մեկ ընկերությանը։ Եթե նախորդ իշխանությունները դրա վրա աչք են փակել, թույլտվություն են տվել, դրա համար որոշումներ են ընդունել, Նարեկ Սարգսյանն է ներգրավվել այդ գործընթացներում, դա զարմանալի չէ, բայց մեզ համար խիստ զարմանալի և անընդունելի է հեղափոխությունից հետո այդ գործընթացի շարունակությունը», - ընդգծել է Սոնա Այվազյանը։

ԹԻՀԿ գործադիր տնօրենը նաև պնդել է, որ 33-րդ թաղամասում աշխատանքներ իրականացնելու համար կառուցապատողները չունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ հաստատված նախագիծ։ «Գերակա հանրային շահի մասին որոշմամբ նրանք ստացել են այդ հիմնական թույլտվությունը, եթե կարելի է դա այդպես կոչել, բայց դրանից հետո պետք է լինի ճարտարապետահատակագծային առաջադրանք, նախագիծ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, քաղաքաշինական փորձաքննություն և այդ փաստաթղթերն առկա չեն», - նշել է Այվազյանը։

Սկզբնաղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան։