Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) հակակոռուպցիոն դպրոցի երկրորդ խմբի առցանց դասընթացների բացումը։

Այս տարի մասնակցության հայտ ներկայացրած 275 դիմորդներից ընտրվել են 30-ը, որոնք Հակակոռուպցիոն դպրոցի ընթացքում ձեռք կբերեն գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների և այլ թեմաների մասին: Մասնակիցները նաև կսովորեն հանրային մասնակցության և վերահսկողության մեթոդների մասին, ինչպես նաև կզարգացնեն քննադատական և վերլուծական մտածողություն։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանի 9 մարզերն և ունեն տարբեր մասնագիտություններ։

Ողջույնի խոսքով դիմելով միջոցառման մասնակիցներին՝ ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը շեշտել է, որ կազմակերպությունն իր բոլոր գործողություններում մեծ տեղ է հատկացնում հակակոռուպցիոն կրթությանը և հատկապես երիտասարդների հետ աշխատանքին։ «Սրա միակ պատճառն այն չէ, որ դա մեր ոլորտն է և մենք ցանկանում ենք մեր գիտելիքներով կիսվել ուրիշների հետ, այլ ամենաառաջին հերթին մենք դա կարևորում ենք, որովհետև հավատում ենք ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին և կարծում ենք, որ ժողովրդավարության մեջ անգնահատելի դեր ունի այն քաղաքացին, որն իրազեկ է, պահանջում է և պատրաստ է փոխել ու քննադատել, և դուք ինքներդ տեսաք, որ երկու տարի առաջ այդ քաղաքացին կարողացավ իր որոշումներով և գործողություններով մեր երկրի ընթացքը փոխել», -նշել է Այվազյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, որը շնորհավորել է մասնակիցներին Հակակոռուպցիոն դպրոցում ընդգրկվելու առթիվ և հույս հայտնել, որ այն առաջիկա վեց շաբաթների ընթացքում մասնակիցներին կտրամադրի նրանց անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ «Մենք կարևորում ենք ԹԻՀԿ-ի հետ իրականացվող այս ծրագիրը, որի շնորհիվ քաղաքացիների նոր սերունդ է կերտվում, ովքեր կդառնան կոռուպցիայի դեմ պայքարող երիտասարդ առաջամարտիկները Հայաստանում։ Ես իրոք հավատացած եմ, որ ձեզ պես երիտասարդները կարևորագույն դեր ունեն կոռուպցիայի շղթան բացահայտելու և կոտրելու գործում», - ասել է Դեբորա Գրիզերը։

Հակակոռուպցիոն դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, այդ թվում՝ հետազոտողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և պետական պաշտոնյաներ:

Հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ` ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ակտիվացնել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը Հայաստանում թափանցիկություն ու հաշվետվողականություն խթանող բարեփոխումների գործընթացներում։