Բրիտանական «openDemocracy» քաղաքական վերլուծական հանդեսը ծավալուն հրապարակումով անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքի խնդրով Հայաստանի կառավարության վրա ամերիկյան և բրիտանական կառավարությունների գործադրած ճնշմանը։

Հրապարակումը հղում է կատարում 2019թ.-ի հոկտեմբերին կազմված ԵՄ ներքին զեկույցին, որն անդրադառնում է «Լիդիան» ընկերության նախաձեռնած, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի իշխանությունների աջակցությունը վայելող նախագծի միջազգային համատեքստին։

Եվրոպայի արտաքին գործերի ծառայությունից տեղեկատվության ազատության շրջանակում ձեռք բերված զեկույցը նշում է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի խնդրի հետ կապված ճնշումների է ենթարկվել տարբեր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ և ՄԹ կառավարությունների կողմից»։

«openDemocracy»-ն հարցի շուրջ զրուցել է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, ըստ Միացյալ թագավորությունում գործող «Global Justice Now» հասարակական կազմակերպության քաղաքականությունների գծով մենեջեր Ջին Բլեյլոքի՝ «այս զեկույցը հաստատում է շատերի մոտ առկա կասկածներն առ այն, որ ՄԹ-ն գործում է մի ընկերության անունից, որը փորձում է վտանգավոր ոսկու հանք բացել։ Ավելին, այդ ընկերությունը շահարկում է «կորպորատիվ դատարանների» փաստը՝ փորձելով ստիպել Հայաստանի կառավարությանը վերացնել հանքի բացման դեմ հանրային բողոքները»։

«openDemocracy»-ի հետ զրույցում Միացյալ թագավորության ԱԳՆ-ի (Ֆորին օֆիսի) խոսնակը նշել է․«Մենք չենք ընդունում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ Հայաստանի կառավարության հետ ՄԹ դեսպանատան աշխատանքների նմանօրինակ բնութագրումը»։

Թեմայի շուրջ «openDemocracy»-ն զրուցել է նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հետ, որի կարծիքով վարչապետը շատ դժվար իրավիճակում է գտնվում։ «Նա ունի իր սեփական արժեքները՝ ժողովրդավարություն, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն, նա խոստացել է, որ Հայաստանի քաղաքացիների ձայնը կարևոր է, և նրանք են իրական որոշում կայացնողները, որ իր կառավարությունը նախորդ կոռումպացված ռեժիմից տարբերվում է և այլն։ Փաշինյանը գործ ունի ուժեղ հանրային ճնշման և 2018թ․-ի հեղափոխությանն աջակցած մարդկանց բարձր ակնկալիքների հետ, սակայն այս ընթացքում իր գործողությունները չեն համապատասխանում իր արժեքներին և խոստումներին»,- նշել է Այվազյանը՝ ավելացնելով, որ «տպավորություն է ստեղծվում, որ նա զգալի ճնշումների է ենթարկվել միջազգային հանրության և մասնավորապես ԱՄՆ և ՄԹ դեսպանատների կողմից՝ վտանգելով երկրում հետագա ներդրումները։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում որոշում կայացնելը վարչապետի համար չափազանց դժվար է եղել»։

«openDemocracy»-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է այստեղ։