Սույն թվականի մայիսի 20-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը Միջազգային և անվտագության հարցերի հայկական ինստիտուտում մասնակցել է ««Փափուկ վեթինգ» ապագայի, բայց ոչ անցյալի համար» խորագրով փորձագիտական քննարկմանը, որտեղ անդրադարձել է Հայաստանում սպասվող դատաիրավական բարեփոխումների շրջանակում դատական համակարգի վեթինգին վերաբերող մի շարք խնդիրների։

ԹԻՀԿ փորձագետը գտնում է, որ հեղափոխությունից երկու տարի հետո խոստացված վեթինգի չիրականանալու հիմանական պատճառներից մեկն այն է, որ տվյալ ոլորտում չկա արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն։ «Տեսեք՝ կառավարությունը ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարություն, հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրա գործողությունների համապատասխան ծրագրեր, բայց, ըստ էության, հասարակության մոտ դա ընկալվում է որպես կառավարության ծրագիր և ոչ թե՝ պետության ռազմավարություն։ Մինչդեռ մենք պետք է ունենայինք մի մոտեցում, համաձայն որի այդ ռազմավարությունները պետք է հաստատվեին Ազգային ժողովի կողմից և Ազգային ժողովը պետք է պատշաճ վերահսկողություն իրականացներ այդ ռազմավարությունների իրականացման նկատմամբ», նշել է Հայկ Մարտիրոսյանը, որի կարծիքով խորհրդարանը պետք է այս ընթացքում բարձրացներ այս հարցը, արդարադատության նախարարից հետաքրքրվելով, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել խոստացված վեթինգի բաղադրիչները գործարկելու և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված ժամկետներում դրանք կիրառելի դարձնելու համար։

Մարտիրոսյանը գտնում է նաև, որ կարևոր է հասկանալը, թե այս համատեքստում ինչ լուծումներ կարող են լինել։ ԹԻՀԿ փորձագետը ճիշտ է համարում այն պնդումը, որ «կոշտ» վեթինգի պարագայում դատական համակարգը կկանգնի կոլապսի առջև։ Այս պարագայում Հայկ Մարտիրոսյանի կարծիքով լուծումներից կարող է լինել շարժվելը դատական համակարգը կադրերով համալրելու ուղղությամբ, այնուհետև նոր գնալ կոշտ վեթինգի իրականացման ճանապարհով։

Սկզբնաղբյուը՝ 1in.am։