ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման շրջանակում խոսել է դատավորների վեթինգի և դատական օրենսգրքի փոփոխություններով նախատեսվող մի շարք այլ դրույթների վերաբերյալ։

ԹԻՀԿ փորձագետի կարծիքով՝ կառավարությունն, ըստ էության, դատական օրենսգրքով վեթթինգ չի նախատեսում, քանի որ վեթթինգի երրորդ բաղադրիչը՝ բարեվարքության ստուգումը, վերաբերելու է ոչ թե գործող դատավորներին, այլ՝ դատավորների թեկնածուներին։

Հայկ Մարտիրոսյանը նաև մտահոգիչ է համարել այն, որ դատական օրենսգրքում ամրագրվել է դատավորների գործունեության գնահատման անընդունելի չափանիշ՝ կայացված դատական ակտի հիմնավորվածության ստուգման ձևով։ «Դա հակասում է դատական համակարգի կառուցման տրամաբանությանը, համաձայն որի՝ դատավորի կողմից կայացված դատական ակտի հիմնավորվածությունը կարող է ստուգվել բացառապես հաջորդ ատյանի դատարանում», պնդել է ԹԻՀԿ փորձագետը։

Սկզբնաղբյուրը՝ Հ1-ի «Լուրեր»