Ապրիլի 22-ին ՀՀ ՊԵԿ-ի կողմից հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ՀՀ պետական եկամուտների քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Թեմայի շուրջ 365news-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի և իրավապաշտպան Կարապետ Բադալյանի հետ։

Վարուժան Հոկտանյանը նշել է, որ քրեական հետապնդումը չպետք է սելեկտիվ լինի: Նմանատիպ քրեական գործերը կարևոր դեր կունենան կոռուպցիայի դեմ պայքարում, եթե այս ամենն արվի

  • շատ պրոֆեսիոնալ ձևով, սկզբից մինչև վերջ, ի տարբերություն նախկին գործերի, և հանրությունը տեղյակ լինի, թե ինչպես է ընթանում այդ գործը,
  • հետևողական, չսահմանափակվեն միայն Միքայել Մինասյանով: Բոլոր նմանատիպ գործերը եթե լինեն ոչ միայն նախկին, այլ նաև ներկա իշխանավորների նկատմամբ, ոչ թե ընտրվեն մի քանիսը, ապա կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ կլինի։

Ըստ Հոկտանյանի՝ այս քրեական գործը քաղաքական հետապնդում կորակվի միայն այն դեպքում, եթե այս ամենը սահմանափակվի միայն նախկին որոշակի հակառակորդներով: Եթե դա արվի ավելի ընդլայնված ձևով, այսինքն՝ առանց նախկին, ներկա, նախկինների միջև էլ լոյալ նախկին, ոչ լոյալ նախկին տարանջատման, ապա քաղաքական չի որակվի։

Սկզբնաղբյուրը՝ 365news