2020 թվականի ապրիլի 24-ին ուժի մեջ մտան ՔՀԿ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունները։ Այս փոփոխությունները ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են մարտի 25-ին և վերաբերում են հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ) հաշվետվողականության պահանջներին: Ի տարբերություն 2018 թվականին ներկայացված նախագծերի՝ ընդունված փոփոխությունները վտանգ չեն ներկայացնում դոնորների գաղտնիության իրավունքի տեսանկյունից և մշակվել են ՔՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում։ Միևնույն ժամանակ, հաշվետվությունների ներկայացման սահուն գործընթացն ապահովելու և հարակից ռիսկերը կանխելու նպատակով որոշակի քայլերի անհրաժեշտություն կա:

«Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի նոր օրենքում տարեկան հաշվետվության պահանջ էր սահմանվել այն կազմակերպությունների համար, որոնք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հանրային ​​միջոցներից: 2018 թվականի հոկտեմբերին ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մշակեց օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, ըստ որի, անկախ ֆինանսավորման աղբյուրից, բոլոր հասարակական կազմակերպությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն՝ հիմնադրամների նման: Բացի այդ, նախագիծը նախատեսում էր կազմակերպության բոլոր դոնորների (իրավաբանական ու ֆիզիկական անձանց), ինչպես նաև կազմակերպության միջոցներից օգտված անդամների, կառավարման մարմիններում ընդգրկված անձանց, աշխատակիցների և կամավորների անունները ներկայացնելու պահանջ: «Հիմնադրամների մասին» օրենքում ևս առաջարկվեց ներառել դոնորների մասին հաշվետվության պահանջը: Ըստ ՊԵԿ-ի, այս փոփոխություններն անհրաժեշտ էին ՔՀԿ-ների թափանցիկությունը բարելավելու և նրանց գործունեության վերահսկողությունը ապահովելու համար՝ հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով:

ՔՀԿ-ները, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, խստորեն քննադատեցին նախագիծը՝ նշելով, որ առաջարկվող պահանջները ՔՀԿ-ների համար անհիմն բեռ են հանդիսանում և խախտում են դոնորների, անդամների և աշխատողների անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: Մի շարք քննարկումներից հետո ՊԵԿ-ը նախաձեռնեց ՔՀԿ-ների և առնչվող պետական ​​մարմինների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ` նախագծերը վերամշակելու նպատակով: ԹԻՀԿ-ը ևս մասնակցել է աշխատանքային խմբի աշխատանքներին և ներկայացրել հաշվետվողականության դրույթների այն առավելագույն ծավալը, որոնք ընդունելի կարող են լինել ՔՀԿ-ների հաշվետվողականության տեսանկյունից։

Արդյունքում 2019 թվականի օգոստոսին e-draft առցանց հարթակում 15-օրյա հանրային քննարկման համար տեղադրված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունների նոր նախագիծը այլևս չէր ներառում դոնորների և կազմակերպության միջոցներից օգտված անձանց մասին անձնական տեղեկություններ բացահայտելու պահանջները, իսկ հաշվետվության բովանդակությունը սահմանափակվում էր միայն կազմակերպության ընդհանուր տվյալների, իրականացված ծրագրերի, տարեկան եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարի վերաբերյալ համառոտ տեղեկատվությամբ: Միաժամանակ հրապարակվեց նաև «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն այլևս չէր պարունակում դոնորների մասին տեղեկությունները բացահայտելու որևէ պահանջ, և նպատակ ուներ ավելի մատչելի դարձնել հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը: Մինչ օրս հիմնադրամները հաշվետվությունները ներկայացնում էին առցանց azdarar.am հարթակում՝ վճարովի հիմունքներով, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կտան հաշվետվությունը հրապարակել անվճար` դրա համար նախատեսված հատուկ հարթակում: Բացի այդ, ԹԻՀԿ առաջարկով «Հիմնադրամների մասին» օրենքի փոփոխությունների նախագծում ևս մեկ փոփոխություն ներառվեց՝ հիմնադրամի միջոցներից օգտված աշխատակիցների անունների փոխարեն հաշվետվության մեջ նախատեսելով միայն աշխատակիցների քանակը։

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում, բացի հաշվետվողականության հետ կապված դրույթներից, ԹԻՀԿ-ն առաջարկեց նաև ՀԿ-ներին դատարան դիմելու հնարավորություն տալ և հանրային միջոցներից ֆինանսավորման դեպքում աուդիտի բեռը դնել ֆինանսավորող կազմակերպության վրա։ Թեև այս առաջարկները չեն ընդունվել, ամփոփաթերթում նշվել է, որ դրանք հաշվի կառնվեն հետագա քննարկումներում։

2020 թվականի փետրվարին նախագծերն ընդգրկվեցին խորհրդարանի օրակարգում: Որոշ ՔՀԿ-ներ իրենց անհամաձայնությունն արտահայտեցին հաշվետվողականության նոր պահանջների հետ` մտավախություն ունենալով, որ պետությունը կարող է օգտագործել այս պահանջը ՔՀԿ գործունեությանը միջամտելու համար: Պետական կառույցների​​ներկայացուցիչները արձագանքեցին, որ հաշվետվության բովանդակությունը չի պարունակում որևէ գաղտնի կամ խնդրահարույց տեղեկատվություն և զուտ ՔՀԿ-ների գործունեության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու գործառույթ ունի:

2020 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովն ընդունեց ՀԿ-ների և հիմնադրամների օրենքների փոփոխությունները, իսկ ապրիլի 24-ին դրանք ուժի մեջ մտան: Ըստ ՀԿ-ների մասին փոփոխված օրենքի՝ հասարակական կազմակերպություններից պահանջվում է գործունեության տարեկան հաշվետվություն հրապարակել մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 30-ը, ուստի ակնկալվում է, որ մինչև 2020 թվականի մայիսի 30-ը ՀԿ-ները պետք է հրապարակեն 2019 թվականի գործունեության հաշվետվությունները: Հաշվետվությունները ներկայացվելու են ՊԵԿ-ի էլեկտրոնային հաշվետվության համակարգի միջոցով, որտեղ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա իր անձնական էջը: Այն դեպքում, եթե կազմակերպություններն ունեն պաշտոնական կայք, հաշվետվությունները պետք է հասանելի լինեն նաև կայքում: Հիմնադրամները հաշվետվությունները պետք է ներկայացնեն մինչև հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ը։

ՔՀԿ-ների մասնակցությունը վերանայված նախագծերի մշակման գործընթացում պետություն-ՔՀԿ համագործակցության հաջողված փորձի օրինակ կարելի է համարել: Վերանայված նախագիծը պահպանում է դոնորների և ՔՀԿ-ների շահագրգիռ անձանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, իսկ հաշվետվության կետերը ներառում են ՀԿ-ի տարեկան բյուջեի և գործունեության վերաբերյալ բավականին ընդհանրական տեղեկատվություն: Օրեսդրական այս փոփոխությունները հավասար մոտեցում են ապահովում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների նկատմամբ՝ հաշվետվողականության պահանջների տեսանկյունից:

Օրենսդրական փոփոխությունները ներդնելու համար անհրաժեշտ է իրազեկման լայնածավալ արշավ ապահովել` ՔՀԿ-ներին փոփոխությունների մասին տեղեկացնելու համար: Որոշ ՔՀԿ-ներ, հատկապես փոքր և համայնքային կազմակերպությունները, ինչպես նաև այն կազմակերպությունները, որոնք չունեն հաշվապահական հաշվառման համակարգ, կարող են տեխնիկական աջակցության կարիք ունենալ հաշվետվությունը կազմելու հարցում: ՔՀԿ-ի կարողությունների զարգացման ոլորտում աշխատող մի շարք կազմակերպություններ ներկայումս քննարկում են, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ՔՀԿ-ների համար հաշվետվողականության գործընթացը հեշտացնելու համար:

Ակնկալվում է, որ այս օրենսդրական փոփոխություններն ու հրապարակային հաշվետվությունների համակարգի ներդրումը կխթանի հասարակական կազմակերպությունների թափանցիկությունը ու հանրային հաշվետվողականության բարելավումը, ինչն իր հերթին, կնպաստի նրանց նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացմանը։