Ապրիլի 16-ին Ազգային ժողովն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: 168.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս օրենքի կիրարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ է տեսնում, ավելին՝ օրենքում առկա են այնպիսի ձևակերպումներ, որոնք պարզապես ստեղծում են անհավասար պայմաններ: Նա անդրադառնում է հետևյալ հարցերին:

  • Գույքի բռնագանձման գործընթացն այնքան հիմնավոր պետք է լինի, որ հաջորդ եկող իշխանության ժամանակ այդ գույքի տերն այն ետ չպահանջի:
  • Կա՞ իրավական ակտ, համաձայն որի գույքի տերն ապացույցներ ունենա, որ այն ձեռք է բերել բարեխիղճ ճանապարհով և դրանք պահի որոշակի տարի:
  • Փոխանակ իրավապահ մարմինները պարզեն, թե այս կամ այն դղյակն ինչպես է կառուցվել՝ հասնելով այդ թալանի ակտին, դղյակի տիրոջն են ասում, որ ինքը ցույց տա, թե ինչ փողերով է այն ձեռք բերել: Օրինակ՝ ինչպե՞ս է պարզվելու օֆշորային գոտիներում հայտնված փողերի ծագումը:
  • Եթե ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը վաճառվել է, իսկ գնորդը չի իմացել, որ այն ապօրինի է ձեռք բերվել, ապա այդ գույքը չի բռնագանձվի: Ստացվում է՝ այն թալանչին, որը հասցրել է իր գույքը վաճառել ուրիշին, խնդիր չի ունենա, իսկ նա, որը չի հասցրել, պետք է պատասխան տա: Օրենքով է անհավասարություն ստեղծվում, և հարց է առաջանում ՝թեկուզև վաճառել է, ինչո՞ւ չեն պարզում նաև այդ դեպքերը:
  • Եթե վարչապետը գնա թալանածը հատ առ հատ հետ բերելու ճանապարհով, կարող է նեղացնել իր աջակցության բազան կամ աջակիցների շրջանակը: Դա վերաբերելո՞ւ է նաև այն գործարարներին, որոնք այսօր խնդիր չունեն իշխանության հետ, նրանց ունեցվածքն է՞լ է ստուգվելու:
  • Ասում են, որ մինչև 2011 թվականը հայտարարագրերին կանդրադառնան, եթե հիմքեր լինեն, նոր դրանից առաջ կնայեն: Ո՞վ է որոշելու այդ հիմքերը:
  • Անհասկանալի է, թե պետությունն ինչ է անելու բռնագանձված գույքի հետ: Պետությունը պետք է կարողանա հատուկ մարմին ստեղծել, որը կապահովի բռնագանձված գումարների մուտքը պետական բյուջե այն դեպքում, եթե դա վաճառել ստացվի, իսկ թե ինչ կստացվի չվաճառվելու դեպքում, անհայտ է:

Օրենքի իմպլեմենտացիայի հետ կապված՝ խնդիրները շատ-շատ են՝ եզրակացնում է Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը՝ 168.am-ի կայք էջ