Հանրությանը մեղմ ասած դուր չի գալիս բարձրաստիճան պաշտոնյաների և ոչ թե հանրային ծառայության համակարգի աշխատակիցների պարգևատրումների բարձր լինելը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ ճիշտ կլիներ կատարել համահարթեցում, այսինքն՝ նախարարների, պատգամավորների պարգևավճարների փոխարեն ավելանար միջին, ցածր օղակների պաշտոնյաների աշխատավարձերը։

«Փաստացիորեն մենք այս 2 տարի է տեսնում ենք, որ ոչ թե պարգևավճար են ստանում պաշտոնյաները, այլ իրականում աշխատավարձ է բարձրացվել, սակայն ձևական առումով, դե յուրե դա նշվում է որպես պարգևավճար:»,- նշել է փորձագետը՝ հավելելով՝, որ կառավարման տեսանկյունից ճիշտ ու ազնիվ մոտեցում կլիներ, եթե ոչ թե ամեն ամիս պաշտոնյաներին պարգևավճար տային, այլ բարձրացվեին աշխատավարձերը: «Դրա համար երկու տարբերակ կա՝ կամ բազային տարբերակը, որի դեպքում բոլոր հանրային ծառայողների աշխատավարձը պետք է բարձրացվի, կամ միայն պատգամավորների դեպքում գործակցի ավելացումն է: Անհասկանալի է թե ինչու այս քայլին չեն գնում, որովհետև կարող էին օրենքը, գործակիցը փոխել ու դրանով խնդիրը կլուծվեր»,-ասել է Հոկտանյանը:

Դիտարկմանը, թե բարձրաստիճան պաշտոնյաների համար բարձր աշխատավարձի ապահովումը իշխանություններն անհրաժեշտ են համարում՝ լավ կադրերին պետական համակարգում պահելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար՝ Հոկտանյանը պատասխանել է. «Դեմ չեմ, թող շատ գումար ստանան, սակայն հարց է առաջանում արդյո՞ք նրանց աշխատանքի արդյունքում այնպիսի տնտեսական, սոցիալական բարեփոխումներ են եղել, որոնց արդյունքում նաև շարքային քաղաքացու եկամուտներն են բարձրացել։ Այսինքն՝ եթե հարցն այդպես է դրվում, այստեղ ուղղակի մոռացվում է, որ հանրային ծառայողի գործունեության նպատակը հանրության կյանքի որակը բարելավելն է»:

Շատ ավելի էականորեն պետք է բարձրացվեին բժիշկների, ուսուցիչների և մի շարք այլ մասնագիտությունների աշխատավարձերը, իսկ եթե բարձրացումներ չեն լինում, քաղաքացին եկամուտ չունի, ապա դա հանգեցնում է արտագաղթի:

«Այնպես որ մի կողմից փորձ է արվում լավ կադրերին պահել համակարգում, ընդ որում՝ ես չգիտեմ դա որքանով է հաջողվում, մյուս կողմից էլ դա բերում է արտագաղթի ուժեղացմանը, որովհետև եթե էապես չի բարելավվում շարքային քաղաքացիների վիճակը՝ մարդիկ հեռանում են երկրից: Այստեղ ընտրության հարց է»,- ասել է Վարուժան Հոկտանյանը։

Սկզբնաղբյուրը՝ «Փաստինֆո»