Կառավարությունը հեղինակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նվազագույն շեմ է սահմանվում 50 մլն դրամը: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծում մի շարք թերություններ է տեսնում:

Անդրադառնալով խնդիրներին՝ փորձագետը հարց է ուղղում Կառավարությանը՝ ի՞նչ է անելու պետությունը, երբ ենթադրյալ թալանչին պահանջի ապացուցել, թե ինչո՞վ է իր գույքն անօրինական՝ կոռուպցիոն հանցագործության հետևանքով է նա այդ գումարը ձեռք բերել կամ այդ առանձնատունը կառուցել: «Ձեզ որտեղի՞ց է այդ գումարը» հարցնելու դեպքում մի ուրիշ խնդիր կարող է առաջանալ, քանի որ փաստաթղթերով կարող են ապացուցել, որ լրիվ օրինական գումարներ են, եթե փաստաթղթեր կան:

Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ իրենք չկարողանան ապացուցել, խնդիր կլինի ապացուցելու, որ հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել այս միջոցները: Ինչպե՞ս ապացուցել դրանց ապօրինի ծագումը: Կկարողանա՞ն քննիչներն ապացուցել, որ դա ապօրինի է:

Ըստ փորձագետի՝ այստեղ կա երրորդ կարևոր հարցը: «Եթե ապացուցվում է, և այդ առանձնատները վերցնում ենք, ի՞նչ է լինելու: Վաճառվելո՞ւ է, գնորդ կլինի՞, ծերանո՞ց է դառնալու, թե՞ մանկատուն: Ի՞նչ է արվելու»,- ասել է նա:

Փորձագետը նաև վիճահարույց է համարում օրենսդրական այն կետը, որ հիմնականում ուսումնասիրվելու է վերջին տասը տարվա ընթացքում ձեռք բերված գույքը: Նա նշում է՝ անարդար է 1990-ականներին ապօրինի հարստացածներին շրջանցելը՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառով. «Իսկ եթե չկան ապացույցներ, ուրեմն՝ վերջ, մոռանո՞ւմ ենք: Սա որքանո՞վ է արդար: Ես հիշում եմ, թե 1990-ականներին ինչ ձևի էր սեփականաշնորհվում պետական գույքը»:

Վարուժան Հոկտանյանը նշել է, որ շատերը սկսել են վաճառել իրենց անշարժ գույքը: Երբեմն գործարքն արվում է երրորդ անձի միջոցով: Ի դեպ՝ եթե անձը ապօրինի ծագում ունեցող գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, ազատվում է որևէ պատասխանատվությունից:

Այս օրենքի՝ ուժի մեջ մտնելն ուղիղ վտանգ է նախկին մեծահարուստ պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց համար, ովքեր, օրինակ, Մոնումենտի բարձունքում շքեղ առանձնատներ ունեն:

Սկզբնաղբյորը՝ factor.am