ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առկա են հետևյալ խնդիրները․

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել նոր 1․1 կետով՝ սահմանելով կարգ, համաձայն որի՝ երրորդ անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու վիճարկման հայց ներկայացնելու դեպքում վարչական ակտի կատարման կասեցման պահանջը չի կիրառվի և դրա փոխարեն առաջարկվում է կիրառել հայցի ապահովման միջոց։

Ներկայացված նախագիծը հեղինակող կառույցի, այն է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգը, համաձայն որի՝ կասեցվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարումը՝ մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, խոչընդոտում է ՀՀ տնտեսության մեջ կանխատեսվող ներդրումներին, քանզի տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։

Գտնում ենք, որ ներկայացված նախագիծն առաջարկում է անիրավաչափ և հակասական կարգավորումներ, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ուստի անհրաժեշտ է այն հանել շրջանառությունից՝ հետևյալ պատճառաբանությամբ․

1․ Ներկայացված օրենսդրական առաջարկի բուն իմաստը հանրության համար ընկալելի դարձնելու համար ցանկալի կլիներ, որպեսզի նախագծի հեղինակները ներկայացնեին նախագծի կարգավորման առարկայի բուն իմաստը, այն է՝ քաղաքաշինության ոլորտում օրենսդրական միջամտությամբ էական կանոնակարգեր փոփոխելու թաքնված նպատակները։

Մասնավորապես՝ սույն թվականի փետրվարի 18-ին կառուցապատողների հայկական ասոցիացիայում Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները քաղաքացիների կողմից դատարաններում վիճարկելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ, Երևանի գլխավոր ճարտարապետը դատարանում քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները պաշտպանելու ՀՀ քաղաքացիների նախաձեռնությունները բնորոշել է որպես ռեկետ շինարարությամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ, միաժամանակ առաջարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով բացառել դատարանների կողմից մինչև վերջնական որոշում կայացնելը շինարարությունները կասեցնելու իրավական ընթացակարգերի կիրառումը[1]։ Վերջնական արդյունքում էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում վերոնշյալ լրացումը կատարելու նախաձեռնությամբ։

Ներկայացված նախագիծն իր էությամբ ոչ միայն ստեղծում է նախապայմաններ մարդու իրավունքների պաշտպանության իրատեսական մեխանիզմները սահմանափակելու առումով, այլ նաև առաջ է բերում էական իրավական և փաստական հակասություններ, միաժամանակ՝ քաղաքաշինության ոլորտում պետության պոզիտիվ պարտականությունները և գրագետ քաղաքականությունը մղում է հետին պլան։

Մասնավորապես՝ առաջարկվող նախագծով փաստացի ձևավորվում է հետևյալ իրավիճակը․ շինարարության թույլտվության հիման վրա կառուցապատողը սկսում է շինարարական աշխատանքները, այդ ընթացքում երրորդ անձը գտնում է, որ շինարարության թույլտվությունն ամբողջությամբ կամ մասամբ չի համապատասխանում շինարարական նորմերին, խախտում կամ սահմանափակում է իր իրավունքները և այդ հիմքով հայցով դիմում է վարչական դատարան՝ կայացված վարչական ակտը վիճարկելու նպատակով։ Ներկայումս գործող իրավական կանոնակարգերի պայմաններում դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելը նշանակում է շինարարության կասեցում՝ մինչև դատարանի կողմից տարբեր ապացույցների, այդ թվում՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա վերջնական դատական որոշման կայացումը։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառել շինարարության կասեցումը։ Ստացվում է մի իրավիճակ, երբ դատական որոշման կայացումը, այդ թվում՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, կարող է համընկնել շինարարության ավարտի հետ և նույնիսկ հաջորդել դրան՝ ստեղծելով ողջամիտ ժամկետում մարդու իրավունքների պաշտպանության համար խոչընդոտներ։

2․ Ներկայացված նախագծով որևէ կերպ հաշվի առնված չէ նաև կառուցապատման ընթացքում բնակելի տարածքներ ձեռք բերող քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներին չվնասելու գործոնը։ Մասնավորապես՝ Երևան քաղաքում սովորաբար բազմաբնակարան շինությունների կառուցմանը զուգահեռ կառուցապատողների կողմից կնքվում են նաև կառուցվող բնակելի տարածքների տնօրինման գործարքներ։ Նման դեպքերում դատարանի կողմից շինարարության թույլտվության վարչական ակտն անվավեր ճանաչելու որոշման կայացումը իրավական բարդ գործընթաց է ենթադրում՝ պայմանավորված բնակելի տարածքի ձեռք բերողների կողմից շինարարության թույլտվություն տրամադրած պետական մարմնի նկատմամբ իրենց իրավունքների պաշտպանության հետադարձ կամ ռեգրեսիվ հայցերի հարուցմամբ։ Այս առումով պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման գործընթացների արդյունքում տնտեսական առումով անշարժ գույքի շուկայում անկայունության դրսևորումներն անխուսափելի են, ուստի առաջարկվող կարգավորումը երկարաժամկետ հեռանկարում չի բխում նաև քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների շահերից։

3․ Առաջարկվող նախագծով էապես բարդանում է նաև կառուցվող գույքի փաստացի և իրավական ճակատագրի հարցը՝ կապված դատական ակտով դրա կարգավիճակի որոշման հետ։ Իրավական առումով ընկալելի, բայց փաստացի անտրամաբանական պատասխան է ենթադրվում նախագծի հեղինակների կողմից հետևյալ հարցին․ իսկ ինչպիսի՞ լուծում են առաջարկում այնպիսի դեպքերում, երբ դատական ակտով անվավեր է ճանաչվում շինարարության թույլտվությունը, իսկ մինչև դատական ակտի կայացումը (այն սովորաբար տևում է բավականին երկար ժամանակ, ընդհուպ տարիներ) շինարարությունն ավարտվում է։ Ըստ իրավական կանոնակարգերի այն պետք է դիտարկել որպես ոչ օրինական կառույց՝ դրանից բխող իրավական հետևանքներով, ինչպես օրինակ՝ քանդման գործընթացի կազմակերպումը և այս առումով կարևոր է գնահատել նաև պետության պատրաստակամությունն ու հնարավորությունները՝ օրենքի կիրառումն ապահովելու տեսանկյունից։ Բացի այդ, ինչպես արդեն նշվեց անշարժ գույքի շուկայում այդպիսի բնակելի տարածքներ ձեռք բերողները հանդիսանում են հետադարձ կամ ռեգրեսիվ հայցային իրավունքի կրողներ՝ շինարարության թույլտվություն տրամադրած պետական մարմնի նկատմամբ։

4․ Առաջարկվող նախագծի ընդունման պարագայում կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը համայնքային կառավարման քաղաքաշինության բնագավառում՝ պայմանավորված համայնքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող շինարարության թույլտվությունները դատական վերահսկողության արդյունքում կասեցնելու իրավական մեխանիզմի վերացմամբ։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր դեպքում վարչական դատարան հայցի հարուցումն՝ ըստ գործող իրավակարգավորման, փաստացի ենթադրում է դատական վերահսկողություն բուն շինարարության գործընթացի իրավական կանոնակարգերի նկատմամբ, քանի որ առանց դատարանի՝ շինարարության թույլտվության վարչական ակտն օրինական ճանաչելու որոշման, շինարարության իրականացում կամ վերսկսում օրենքը չի թույլատրում։ Առաջարկվող իրավակարգավորումների պարագայում հայցի հարուցումն ըստ էության դատական վերահսկողություն չի ենթադրում՝ նույնիսկ հայցորդի կողմից մատնանշված և փաստարկված ակնհայտ խախտումների դեպքում և մինչև տվյալ գործով փորձագիտական եզրակացության տրամադրումը դատարանն օժտված չէ շինարարական գործընթացը կասեցնելու իրավական գործիքակազմով, ուստի կառուցապատողների և համայնքային կառավարման մարմինների գործողություններում կոռուպցիոն ռիսկերն աճում են։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով աճում են կոռուպցիոն ռիսկերը նաև դատական համակարգում՝ վարչական ակտը դատարանում «օրինականացնելու» հնարավորության ընձեռմամբ։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ներկայացված նախագծով փորձ է կատարվում քննարկվող խնդիրը դիտարկել քաղաքաշինության բնագավառում պետության պոզիտիվ պարտականությունների ընդհանուր շրջանակից դուրս՝ նախատեսելով ֆրագմենտալ և ոչ արդյունավետ իրավակարգավորումներ։

Խնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ 90-ական թվականներից սկսած ՀՀ-ում և հատկապես՝ Երևան քաղաքում քաղաքաշինության բնագավառը ընդհանուր առմամբ գտնվում է անմխիթար վիճակում։ Երևան քաղաքում իրականացված բազմաթիվ կառուցապատման ծրագրերում անտեսվել և կոպտորեն խախտվել են տարրական քաղաքաշինական նորմերը, արհամարհվել են քաղաքացիների առողջ բնական միջավայր և կենսապայման ունենալու իրավունքները՝ դրանք ստորադասելով մասնավոր խմբային շահերին։ Արդյունքում աղավաղվել է նաև քաղաքի ճարտարապետական դիմագիծը։ Հիշյալ հանգամանքներից ելնելով՝ քաղաքաշինության բնագավառում առկա հիմնարար խնդիրներին արմատական լուծումներ տալու փոխարեն, նախագծի հեղինակներն առաջարկում են ևս մեկ անգամ իրավական կարգավորումների միջոցով ամրապնդել մասնավոր խմբային շահի գերակայությունը հանրայինի նկատմամբ։ Այս առումով պետք է արձանագրել նաև, որ նախագծով առաջարկվող լուծումը՝ շինարարության կասեցման փոխարեն կիրառել հայցի ապահովման միջոց, քաղաքաշինության ոլորտի այս իրավակարգավորումների դեպքում չի կարող հանդիսանալ արդյունավետ եղանակ, քանզի հայցի ապահովման միջոցներն այս դեպքում ուղղված են լինելու առավելապես վնասների նյութական փոխհատուցմանը։ Մինչդեռ քաղաքաշինության բնագավառում ոչ գրագետ քաղաքականության արդյունքում ոչ բոլոր բացասական հետևանքներն են նյութական փոխհատուցմամբ վերականգնելի։

Առաջարկ․

1․ Ներկայացված նախագիծը հանել շրջանառությունից։

2․ Ձևավորել անհրաժեշտ միջավայր բարձրացված խնդրի վերաբերյալ մասնագիտական հանրույթի և ոլորտի տնտեսվարողների կողմից մասնակցային քննարկումների կազմակերպման և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները բացառելու նպատակով։ Այս գործընթացում պատշաճ ուշադրության արժանացնել քաղաքաշինության բնագավառում առկա նորմատիվ իրավական փաստաթղթեր կիրառելիս իրավական հիերարխիայի կանոնի պահպանման և այդ փաստաթղթերում քաղաքաշինության ոլորտի վիճահարույց նորմերի հստակեցման հանգամանքը։

3․ ՀՀ-ում ընդունված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև փորձաքննությունների կազմակերպման և իրականացման բնագավառում առկա խնդիրների լուծման գործողությունների ծրագրերի իրականացման ընթացքում պարբերաբար գնահատել քաղաքաշինական փաստաթղթերը վարչական դատավարության կարգով բողոքարկելու իրավական ողջ գործընթացի նկատմամբ դրանց ազդեցության արդյունավետությունը։

[1] https://iravaban.net/257733.html