Ցանկալի կլիներ, եթե Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի ու խորհրդարանի ընտրությունները հետաձգվեին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը «Ականատես» դիտորդական խմբի կազմում է։ «Ականատեսը» դիտորդական առաքելություն պետք է իրականացնի Արցախի ընտրություններում, բայց, ինչպես Սոնա Այվազյանն է ասում, այս իրավիճակում դիտորդների մի մասն արդեն հրաժարվել է աշխատանքից։

«Մենք կարծում ենք, որ այս իրավիճակում ցանկալի կլիներ, որ Արցախի ընտրությունները հետաձգվեին, որովհետև այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ հանգիստ սրտով ու առանց վախերի չեն կարող գնալ քվեարկության»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը թելադրում է, որ ընտրությունները հետաձգվեն։ «Բայց, ես որքան հասկանում եմ, ամեն դեպքում իրավիճակից ելնելով են իրենք նման որոշումներ կայացնում։ Դրա համար, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դեռ չգիտենք։ Մենք, ամեն դեպքում, պատրաստվում ենք այդ ընտրություններին»,- հավելում է Սոնա Այվազյանը։

Եթե ընտրություններն անցկացվեն մարտի 31-ին, Այվազյանի խոսքով, ստեղծված իրավիճակը կարող է բացասաբար ազդել քվարկությանը մասնակցության ցուցանիշների վրա՝ ավելի ցածր մասնակցություն կգրանցվի։

Սկզբնաղբյուրը՝ «Մեդիալաբ»