24 մարտի, 2020 թ․

Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ

(դիտարկման ժամանակահատվածը՝ փետրվարի 4 – մարտի 22, 2020 թ.)

Դիտարկման մեթոդաբանություն

«Ականատես» դիտորդական առաքելությունն Արցախի Հանրապետությունում (ԱՀ) նախագահական և խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն:

Երկարաժամկետ դիտորդությունը մեկնարկել է 2020 թ. փետրվարի 4-ին: «Ականատեսը» ներգրավել է 16 երկարաժամկետ դիտորդ՝ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը և 7 շրջաններն ընդգրկող բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և հետընտրական գործընթացները:

Սույն տեղեկանքում ներառված են «Ականատես» դիտորդական առաքելության 2020թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 22-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումները և առաջարկությունները։ Դիտարկման ժամանակահատվածում կատարվել է՝

  • 55 այցելություն տարածքային ընտրական հանձնաժողովներ,
  • 200-ից ավելի այցելություն նախագահի թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական շտաբներ,
  • 106 համայնքներում իրավիճակի դիտարկում, այդ թվում՝ դրանցում կուսակցական ազդեցությունների և իրականացվող ծրագրերի հստակեցում.
  • 103 նախընտրական միջոցառման դիտարկում,
  • տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թվով 14 դասընթացի դիտարկում։

Առաջարկություններ․

Ընտրական հանձնաժողովներ

Կոչ ենք անում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրել ամբողջական տեղեկատվություն ընտրական գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև ապահովել տվյալների հրապարակման «բաց տվյալների» ձևաչափը։

Հարկավոր է ձեռնարկել միջոցներ՝ թափանցիկ դարձնելու տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը, օրինակ՝ ԿԸՀ-ի կայքի համապատասխան բաժնում տեղադրելով դրանց նիստերի ժամանակացույցը, օրակարգը, արձանագրությունը, տեսաձայնագրությունները, որոշումները։

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ստուգարքների համար ապագայում նպատակահարմար է կիրառել գրավոր թեստավորման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հանձնաժողովի անդամների գիտելիքների վերաբերյալ ստանալու համապարփակ պատկեր և նվազեցնել ստուգարքի գործընթացում կողմնակալության և հայեցողության ռիսկերը։

Նախընտրական քարոզչության թափանցիկություն և հավասար պայմաններ

Նախընտրական քարոզչության թափանցիկության և հավասար պայմանների ապահովման նպատակով կոչ ենք անում՝

  • Ապագայում դիտարկել ԱՀ ընտրական օրենսգրքում նախընտրական ժամանակահատվածից դուրս իրականացվող նախընտրական քարոզչության կանոնակարգման հնարավորությունը և համապատասխանեցումը նախընտրական ժամանակահատվածում գործող կարգավորումներին,[1] օրինակ՝ աշխատանքային օրերի/ժամերի, հանրային ծառայողների մասնակցության,[2] ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության և քարոզչության[3] սահմանափակումներին և այլն:
  • ԿԸՀ-ին՝ իրականացնել գործառնական վերահսկողություն՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով խախտումները վերացնելու և հետագայում կանխելու նպատակով, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) և թեկնածուներին, համապատասխան համայնքների ղեկավարներին.
  • Նախագահի թեկնածուներին, կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին՝ հետևել քարոզչության համար սահմանված կանոններին, ինչպես նաև՝ զերծ մնալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում վարչական ռեսուրսների չարաշահումից և պաշտոնեական դիրքը չօգտագործել մասնավոր կուսակցական շահը առաջ մղելու համար․
  • Համայնքի ղեկավարներին՝ ապահովել նախընտրական քարոզչության ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է որակվել որպես լիազորությունների չարաշահում կամ թեկնածուների և կուսակցությունների կողմից նախընտրական քարոզչության իրականացման խոչընդոտում.
  • ԶԼՄ-ներին՝ նախընտրական ժամանակահատվածում ձեռնպահ մնալ ընտրությունների մրցակցայնության վրա հնարավոր ազդեցություն ունեցող այնպիսի նյութերի տարածումից, որոնք ուղղակիորեն կապված չեն ընտրական գործընթացների կամ քաղաքական ծրագրերի հետ և կարող են տարածվել ցանկացած այլ ժամանակ:
  • Իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ Արցախի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումից և ապահովել խաղաղ հավաքներ իրականացնելու քաղաքացիների իրավունքը, ինչպես նաև՝ ապահովել համակողմանի քննություն ընտրական գործընթացների վերաբերյալ հրապարակված խախտումների մասով։

Ընտրակաշառք և բարեգործություն

Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հրաժարվել դրամով կամ նյութական օժանդակությամբ քաղաքացիների ձայները գնելու կամ բարեգործական հիմնադրամների միջոցով ընտրողների վրա ազդելու փորձերից:

Կոչ ենք անում բարերարներին և ներդրողներին նախընտրական ժամանակահատվածում ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցող թեկնածուներին սատարելու նպատակով արվող խոստումներից կամ ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ իրենց «բիզնես-մտադրությունների» հրապարակումից:

Առաջարկում ենք իրավապահ մարմիններին խորությամբ և համակողմանիորեն ուսումնասիրել թեկնածուների կողմից կատարվող «բարեգործության» դեպքերը և ձեռնարկել միջոցներ խախտումները բացահայտելու և խախտողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության ամբողջական միջանկյալ տեղեկանքը հասանելի է ստորև․