Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզչական կողմի ֆինանսավորման թափանցիկության ու հաշվետվողականության հարցը մտահոգում է ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» նախաձեռնությանը։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության դրամահավաք-երեկոյից օրեր անց, 2018-ին ստեղծված դիտորդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, ընդգծելով՝ անհստակություն կա կուսակցության և հիմնադրամի հաշվեհամարներին արված փոխանցումների հարցում։

Դիտորդական նախաձեռնության անդամներից Ալեքսեյ Պետրոսյանն «Ազատության»-ն ասաց՝ հանրաքվեի մասին օրենքով, «Այո»-ի կամ «Ոչ»-ի գրասենյակներ կարող են գրանցել և՛ հասարակական կազմակերպությունները (ՀԿ), և՛ կուսակցությունները՝ հայտարարագրի խնդիր չկա, բայց կա նախընտրական հիմնադրամ ունենալու պահանջը։ Ըստ Պետրոսյանի՝ իրենց մտահոգությունները կապված են հենց նախընտրական հիմնադրամի հաշվին մուտքագրված գումարների օրինականության հետ։

Ընտրությունների ընթացքը դիտարկող «Ականատես» նախաձեռնությունը կարևորում է օրենսդրորեն արգելված աղբյուրներից ֆինանսավորման կանխումը, որ հանկարծ չպարզվի, թե «նախընտրական հիմնադրամներ մուծումներ են իրականացվել օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանցից, անանուն նվիրատուներից»։

«Այսինքն՝ մտահոգությունն այն է, որ այս արգելքները հնարավոր է որոշակի ձևով շրջանցվեն հիմնադրամների միջոցով, որպեսզի որևէ միջամտություն ընտրական գործընթացին չլինի, բայց քանի որ նման սահմանափակումներ չկան հիմնադրամների դեպքում, խոսքը գնում է ՔՊ-ի «Վերադարձի հիմնադրամի» մասին: Այստեղ մեր մտահոգությունն այն է, որպեսզի պարզենք ու բացառենք, օրինակ, տեսականորեն, երբ անանուն նվիրատվություն կատարվի հիմնադրամին, ապա հիմնադրամից տրվի արդեն նախընտրական հիմնադրամին, այսինքն՝ հիմնադրամի մասով էդ ռիսկերը բավականին տեսանելի են», - ասաց Պետրոսյանը։

Ընտրությունները դիտարկող խմբի անդամ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Պետրոսյանն ասում է՝ հաշվի առնելով, որ դրամահավաք-երեկոյի ընթացքում փոխանցումներ են արվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու ՔՊ «Վերադարձի հիմնադրամի» հաշվեհամարներին, ապա պետք է հստակեցվի, թե այս երկու հաշվեհամարներ մուտքագրված գումարները որտեղի՞ց են եղել, որպեսզի բացառվեն անանուն, օտար պետությունների, ՀՀ քաղաքացի չհանդիսացողների նվիրատվությունները նախընտրական հիմնադրամին։

«Մենք նայեցինք հղումով, որը վարչապետն իր հայտարարության մեջ նշել էր, և հայտարարության հղմամբ անցնելով՝ «Վերադարձի հիմնադրամում» օնլայն նվիրատվություններ կարելի էր անել աշխարհի ցանկացած կետից և անանուն։ Այսինքն՝ մենք ուզում ենք պարզել, տեսնել, թե որքա՞ն գումար է եկել թե՛ կուսակցությանը, թե՛ հիմնադրամին, որքա՞ն են եղել անանուն, որո՞նք են եղել, օտարերկրյա պետություններից ովքե՞ր են եղել, Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանցից, որպեսզի կարողանանք բացառել դրանց հետագա հոսքը հիմնադրամներից դեպի կուսակցության նախընտրական հիմնադրամ», - նշեց Պետրոսյանը։

Սկզբնաղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի կայքէջ