Մարտի 11-ին տեղի է ունեցել «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը: Նա մասնավորապես նշել է. «Մենք վաղուցվանից փորձում էինք բովանդակային առումով որոշակի ներդրում ունենալ ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգային հարցերում, սակայն երկար ժամանակ, սկզբում Ասոցացման համաձայնագրի, այնուհետև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի տեքստերը փակ փաստաթղթեր էին, և մեզ չէր հաջողվում բովանդակությանը ծանոթանալ, որպեսզի կարողանայինք ավելի կոնստրուկտիվ լինել ու զգալի փոփոխությունների հանգեցնել»։

Նա նկատում է, որ ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստում հակակոռուպցիոն և կառավարման թափանցիկության տեսանկյունից ներառված են խիստ ընդհանրական տեքստեր, ինչը կապում է նախորդ իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայությամբ:

«Բարեբախտաբար, մենք նոր իրականության մեջ ենք ապրում, և կառավարությունը հանդես է եկել երկու հիմնական ռազմավարական փաստաթղթով՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարություն և Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի առանցքում կան նաև անցումային արդարադատության դրույթներ»:

«Ձևավորվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, կա հակակոռուպցիոն կոմիտեի, հակակոռուպցիոն դատարանների ստեղծման նպատակ և այլն։ Սրանք բավականին հավակնոտ ծրագրեր են»,- ասել է Սոնա Այվազյանը։

Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ: Երկամյա ծրագրի նպատակն է նպաստել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պատշաճ իրականացմանը՝ քաղաքացիական հասարակության հավաքական մշտադիտարկման և ջատագովության միջոցով: Մշտադիտարկման ենթակա ոլորտներն են մարդու իրավունքները, դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկ ու հաշվետու կառավարումը և մի շարք այլ բնագավառներ:

Սկզբնաղբյուրը` factor.am

Լուսաբանումը`
aravot Սոնա Այվազյան. Նախորդ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չուներ