Իրավապահ մարմինների հետ կոռուպցիայի հարցով վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ խնդիր է դրվել թալանածը հետ վերադարձնել: Բայց եթե հարցը այդպես է դրվում, թիվ մեկ խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես օֆշորներից վերադարձնել Հայաստանից դուրս տարված գումարը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նա նաև նշել է, որ չպետք է լինի սելեկտիվ պայքար: Թալանվածը պետք է ամբողջովին հետ վերադարձվի և սկսած 1990-ականների սկզբից: Մյուս կարևոր սկզբունքն, ըստ Հոկտանյանի, այն է, որ բացի թալանածը հետ բերելուց, նաև պետք է նոր թալանչիների ճանապարհը փակել և բացառել հների «գունափոխումը»:

Հոկտանյանի խոսքով՝ վարչապետի ելույթում կոնկրետություն չկար: «Վարչապետը նաև խոսեց դավաճանության մասին: Եթե իրավապահ համակարգում իսկապես այդպիսի երևույթներ կան, շատ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի այդ մասին ասվեր ավելի ուշ՝ արդեն բացահայտված: Նախկին իշխանության որոշ կարկառուն դեմքեր հեռացան Հայաստանից, դա՞ նկատի ուներ, թե՞ ուղղակի ապացույցների վերացումը նկատի ուներ: Սովորաբար պետության ղեկավարը վերջիվերջո պատասխանատու է նաև իրավապահ մարմինների համար: Չեմ կարծում, որ այդպիսի հայտարարություն պետք է արվեր: Այսինքն՝ կա՛մ նա պետք է այդպիսի բացահայտված դավաճանության դեպքերի մասին ասեր, կա՛մ շատ կոնկրետ ասեր, որ այս-այս դեպքերով եղել են խնդիրներ, և հիմա գնում է հետաքննություն: Ես նույնիսկ չհասկացա՝ դրա հետ կապված հետաքննություն գնում է, թե չէ: Սա, կներեք, բայց ավելի շատ ես կհամարեի գալիք հանրաքվեի տրամաբանությունից բխող հայտարարություն»,- ասել է Հոկտանյանը:

Սկզբնաղբյուրը` lragir.am