«Եթե դրամահավաքը եղել է միայն հանրաքվեի համար, մնացած 105 միլիոն դրամը պետք է վերադարձվի պետբյուջե կամ նվիրատվություն կատարողներին, իսկ եթե դրամահավաքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար է, ամբողջ գումարը կարող է գնալ կուսակցությանը, որը հետո կորոշի, այդ գումարից հատկացնի «Այո»-ի շտաբին, թե ՞ այլ հանգանակություն կարվի արդեն այդ 100 միլիոն դրամի համար»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ փետրվարի 25-ին անցկացրած դրամահավաքին,[1] որի ընթացքում 205,560 միլիոն դրամ է հանգանակվել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի հրավիրատոմսի վրա, որն ուղարկվել է գործարարներին, նշված է, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են հանրաքվեի քարոզարշավին, մինչդեռ վարչապետը գրել էր, որ հանգանակված միջոցներն ուղղվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընթացիկ կարիքների ապահովմանը, նվիրատվության որոշ մասն էլ ուղղվելու է «Այո» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը։

Վարուժան Հոկտանյանն ասում է՝ հրավիրատոմսը պաշտոնական փաստաթուղթ չէ և այստեղ, նրա կարծիքով, խնդիր չկա։ Խնդիրն, ըստ Հոկտանյանի կարող է այլ տեղ լինել։ Պետք է հասկանալ է ովքեր են նվիրատուները։ «Կոռուպցիոն ռիսկերը պետք է փնտրել՝ թե ովքե՞ր են նվիրատվություն արել, ինչպես եղավ նույն Կամազների պատմության դեպքում, ինչպես լինում էր Սերժ Սարգսյանի տարիներին։ Պետք է պարզել, թե ովքեր են նվիրատվություն անողները և հետո ի՞նչ են նրանք ստանում»,- նշել է Հոկտանյանը՝ հավելելով. «Եթե իսկապես ձեռներեցները կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ խոշոր սեփականատերերն են արել նվիրատվությունները, պետք է տեսնել, թե նրանք այլ խնդիրներ կունենա՞ն , օրինակ, հարկերի վճարման և այլ հարցերում»։

[1] «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ քարոզչական հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը։ Նշված գումարը գերազանցելու դեպքում միջոցները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Սկզբնաղբյուրը` «Փաստինֆո»