ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության նախագիծը, որն ընդհանուր առմամբ պետք է գնահատել դրական՝ հաշվի առնելով ներկայացված նախագծով ոստիկանության հաշվետվողականության, դրա ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկվող արդյունավետ լուծումները։ Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն ՀՀ ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, հասարակության մոտ կստեղծեն ոստիկանի նոր դրական կերպար՝ նպաստելով ոստիկանության բարի համբավի ձևավորմանը։ Միաժամանակ հարկ ենք համարում ներկայացնել նախագծի վերաբերյալ առկա որոշ նկատառումներ․

1․ ՀՀ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռման կանոնակարգեր․

Ներկայացված ռազմավարության նախագծով առաջարկվում է ոստիկանությունն ընդգրկել ստեղծվելիք ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՆԳՆ) կազմում՝ որպես կառուցվածքային միավոր՝ վերջինիս ընձեռելով նաև նախաքննություն իրականացնելու գործառույթ։ Մասնավորապես՝ ռազմավարության նախագծի 1-ին մասում ներկայացված է ոստիկանության գործունեության առաջնահերթ ուղղությունների զարգացումը, որտեղ առաջարկվում է ՀՀ ոստիկանությանն ընձեռել որոշ հանցագործությունների գործերով նախաքննության գործառույթ կամ այլ կերպ ասած՝ քրեական գործերով ամբողջական նախաքննություն իրականացնելու լիազորություն։ Գտնում ենք, որ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռումը հակասում է ՀՀ-ում քննչական մարմինների կազմակերպման և վերջիններիս կառուցվածքային համակարգերի զարգացման վերաբերյալ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրված տրամաբանությանը՝ քննչական մարմինների անկախության կառուցվածքային և գործառույթային երաշխիքների բարձրացման վերաբերյալ։ Ներկայացված նախագծով ոստիկանության հիմնական գործառույթը պետք է հանդիսանա հասարակական կարգի պահպանումը, հանցավորության դեմ նախականխիչ գործողությունների իրականացումը, ինչպես նաև բնակչությանը մի շարք ադմինիստրատիվ ծառայությունների մատուցումը, ինչպես օրինակ՝ անձնագրային, վիզաների և այլ ծառայությունների տրամադրումը։ Ոստիկանության կառուցվածքում նախաքննության մարմնի ձևավորումը խախտում է վերջինիս անկախության կառուցվածքային բաղադրիչի երաշխիքները, քանզի անկախ ոստիկանության համակարգում քննչական նախատեսվող ծառայության ղեկավարի և այլ ծառայողների ձևավորման մեխանիզմից՝ վերջիններիս կազմակերպչական ենթակայությունը ոստիկանության պետից և ներքին գործերի նախարարից բացառելն անիրատեսական է։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ-ում իրականացված և իրականացվող դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ամրագրվել է այն մոտեցումը, համաձայն որի՝ բոլոր քննչական մարմինները պետք է գործեն որպես ինքնուրույն կառուցվածքային միավորներ, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը։ Որպես արդյունավետ տարբերակ գտնում ենք, որ ոստիկանության կողմից հանցագործությունների նախականխման և խափանման նպատակով իրականացվող գործառույթների շրջանակում հանցագործության դեպք հայտնաբերելիս անմիջապես պետք է վարույթում ներգրավվեն վերոնշյալ քննչական ծառայությունների քննիչները։

Առաջարկ․

1․ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությամբ բացառել ՀՀ ոստիկանությանը նախաքննության գործառույթի ընձեռումը։

2․ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում առկա իրավակարգավորումների շրջանակներում ՀՀ ոստիկանությանը վերապահել հանցագործության դեպքով բացառապես վարույթ նախապատրաստելու գործառույթ՝ այդ պահից ՀՀ քննչական մարմինների քննիչներին իրազեկելու պարտականության սահմանմամբ։

2․ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներգրավման մեխանիզմները․

Նախագծի 4-րդ բաժնում առաջարկվում է ՀՀ կենտրոնական բանկի (այսուհետ՝ ԿԲ) ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ) ներառել ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքում։ Գտնում ենք, որ առաջարկվող նման լուծումը ՀՀ-ում դեռևս վիճարկելի է՝ բանկային համակարգի կայունության և բանկային տվյալների՝ օրենքով սահմանված գաղտնիության ապահովման, ինչպես նաև ֆինանսական գործարքներն ու գործառնությունները վերլուծելու կարողությունների ձևավորման հրամայականով պայմանավորված։ Մասնավորապես՝ ՆԳՆ համակարգում միաժամանակ ոստիկանության և ՖԴԿ ներառելը թերևս այսօր ռիսկային է՝ ոստիկանության կողմից ՖԴԿ-ին հասանելի բանկային տվյալները ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ օպերատիվ ծառայությունների կողմից օրենքի խախտմամբ տիրապետելու և օգտագործելու տեսանկյունից։ Բացի այդ, ՆԳՆ համակարգում հնարավոր չէ ձևավորել այնպիսի մասնագիտական կարողություններ և կադրային ներուժ, ինչը ներկայումս առկա է ՀՀ ֆինանսական կառույցներում՝ ԿԲ-ում և ֆինանսների նախարարությունում, ինչը թույլ է տալիս վերլուծել բանկային հաշիվներով անցնող ֆինանսական գործարքները և գործառնությունները և համապատասխան կառույցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ապօրինի ֆինանսական գործարքները կանխելու և պատճառված վնասները վերականգնելու համար։ Միաժամանակ գտնում ենք, որ ՖԴԿ կարգավիճակի, այդ թվում՝ այն ՆԳՆ կազմում ներառելու կամ որպես անկախ մարմին ձևավորելու հարցի քննարկումը նպատակահարմար է դիտարկել ոստիկանության բարեփոխումների իրականացումից հետո՝ ակնկալվող վերջնարդյունքի գնահատման պարագայում։

Առաջարկ․

1․ ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության նախագծով ամրագրված՝ ՀՀ ԿԲ ՖԴԿ ներառումը ՆԳՆ համակարգում քննարկել բացառապես ՀՀ ոստիկանության համակարգային բարեփոխումների ակնկալվող արդյունքների գնահատումից հետո։