Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող նոր գերատեսչություն
Նորություններ
2020 Փետ
20

Հայաստանում կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող նոր գերատեսչություն

Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Օրենքի նախագծի հանրային քննարկման ժամանակ առաջարկություններ են ներկայացրել մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ ԹԻՀԿ-ը։ Այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

Մարտիրոսյանը հիմնականում շեշտադրել է հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հաշվետվողականության և թափանցիկ գործունեության ապահովման անհրաժեշտությունը, որի հիմնական երաշխիքը պետք է լինի բարձրագույն ներկայացուցչական մարմնի միջոցով այդ կառույցի գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթների նախատեսումը։ Ուշադրության պետք է արժանացնել նաև այդ մարմնի ղեկավարի և մյուս ծառայողների ընտրության հարցում ԱԺ մեծամասնության և ընդդիմադիր ուժերի մասնակցության հարցը։

Առաջարկների թվում է նաև խորհրդարանական վերահսկողության ավելացումը, մասնավորապես՝ կոմիտեի նախագահին անվստահություն հայտնելու հնարավորությունը: «Ներկայացված նախագծով Ազգային ժողովը վերահսկողական լիազորություններ կամ լծակներ չի ունենալու։ Իհարկե, այստեղ կա նաև սահմանադրականության հետ կապված խնդիր, բայց մեր առաջարկը միտված է նրան, որ հաշվի առնելով սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը՝ այս հարցը պետք է բարձրացվի»,- շարունակել է Մարտիրոսյանը։

Սկզբնաղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի նյութը