2020 թ․ փետրվարի 11-ին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և հետազոտող-ծրագրի մասնագետ Միքայել Ավետիսյանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսական կազմի համար անցկացվող մեթոդական դասընթացին և բանախոսել են «Կոռուպցիան պաշտպանության ոլորտում» թեմայով։

Սոնա Այվազյանը ներկայացրել է ԹԻՀԿ գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները, կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակը, պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները։ ԹԻՀԿ գործունությունն ընդհանուր առմամբ միտված լինելով ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների ամրապնդմանը՝ մասնավորապես ձգտում է հասնել քաղաքականության փոփոխությունների՝ հաստատությունների շրջանում և վարքագծային փոփոխությունների՝ քաղաքացիների շրջանում: Կազմակերպությունն իրականացնում է հանրային կառավարման մոնիտորինգ, հետազոտություններ, կոռուպցիոն ռիսկերի գնահատումներ մի շարք ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, իրավական ակտերի նախագծերի կոռուպցիոն ազդեցության գնահատումներ, քաղաքականության բարելավմանը միտված առաջարկությունների մշակում և ջատագովում, հակակոռուպցիոն դասընթացներ, հանրային իրազեկման նյութերի ստեղծում և տարածում, երիտասարդների ներգրավում և այլն:

Միքայել Ավետիսյանը ներկայացրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015» հետազոտության արդյունքները, որում 77 հարցերից բաղկացած հարցաշարի օգնությամբ գնահատվել է պետության պաշտպանության համակարգում կոռուպցիոն ռիսկերի առկայությունը քաղաքական, ֆինանսական, անձնակազմի, գործողությունների և գնումների ոլորտներում` դասելով պետությունները A-F խմբերում: Ըստ այդմ` Հայաստանը 114 երկրների շարքում ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը:

Ելույթից հետո ԹԻՀԿ գործադիր տնօրենը պատասխանել է հնչեցված հարցերին։