Հունվարի 23-24-ը Կիևում տեղի է ունեցել տարածաշրջանային կոնֆերանս «Հակակոռուպցիոն ակադեմիական ​​ծրագիր. մոդել տարածաշրջանի համար» թեմայով: Այն կազմակերպվել է Հակակոռուպցիոն հետազոտությունների և կրթության կենտրոնի կողմից` Բաց հասարակության հիմնադրամների և Վերածննդի միջազգային հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի և Հայաստանի հայտնի համալսարանների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, փորձագետ Արմեն Խուդավերդյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ: Նրանք ներկայացրել են հակակոռուպցիոն ակադեմիական ծրագրերի վերաբերյալ Հայաստանի փորձը, քաղած դասերը, մարտահրավերները և հաջողության պատմությունները, մասնակցել են մտագրոհների և պանելային քննարկումների:

Կարևորելով հակակոռուպցիոն ոլորտում Հակակոռուպցիոն հետազոտությունների և կրթության կենտրոնի դերը` միջոցառման հիմնական նպատակն էր հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներկայացումը հետխորհրդային երկրների տարբեր հակակոռուպցիոն կենտրոնների ներկայացուցիչներին: