Կայուն զարգացման 16-րդ նպատակին հասնելու ուղղությամբ մինչև 2018թ․-ի Թավշյա հեղափոխությունը Հայաստանի գրանցած առաջընթացի մասին ԹԻՀԿ կողմից պատրաստված զեկույցի անգլերեն տարբերակն արդեն նաև հասանելի է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Հակակոռուպցիոն գիտելիքի ցանց» կայքում։

Կայքում մասնավորապես նշված է, որ սույն այլընտրանքային զեկույցը ներկայացնում է կառավարության` Կայուն զարգացման նպատակների առաջընթացի ուղղությամբ Կամավոր ազգային դիտարկման գործընթացի անկախ գնահատում Հայաստանում:

2018 թվականի հուլիսին Նյու Յորքի բարձրաստիճան քաղաքական համաժողովի առիթով պատրաստված սույն զեկույցը փորձ է արել անկողմնակալ գնահատական տալ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացին։

Սույն այլընտրանքային զեկույցը անկախ վերլուծություն է, որը լրացնում և խորությամբ ուսումնասիրում է կոռուպցիային անմիջականորեն առնչվող ԿԶՆ թիրախների վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական առաջընթացի զեկույցները: Ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած առաջընթացի համապարփակ պատկերը քաղաքականության մի շարք ոլորտներում` զեկույցում խորությամբ ուսումնասիրվել են թիրախ 16․4-ը (ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը), թիրախ 16․5-ը (կրճատել կաշառակերությունը և կոռուպցիայի այլ ձևերը), թիրախ 16․6-ը (թափանցիկ և հաշվետու հաստատություններ) և թիրախ 16․10-ը (տեղեկատվության հասանելիություն): Զեկույցը ներառում է 25 առաջարկությունների շարք` միտված կոռուպցիային շուրջ իրավիճակը Հայաստանում բարելավելուն:

Հետազոտությունը հիմնված է 169 ցուցիչների վրա, որոնք մշակվել են որպես «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպության ծրագրի մաս: