2019 թ. դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «էլեկտրոնային առողջապահության համակարգը Հայաստանում. մոնիտորինգի արդյունքներ» զեկույցի ներկայացումը և քննարկումը: Մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքը 50 մարզային բուժհաստատություններում: Մոնիտորինգը և մեթոդաբանությունը քննարկվել և համաձայնեցվել են ՀՀ առողջապահության նախարարության և Պետական առողջապահական գործակալության մասնագետների հետ: Զեկույցի նախնական տարբերակը քննարկվել է բոլոր մարզկենտրոններում՝ բուժհաստատությունների, մարզպետարանների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որի արդյունքները հաշվի են առնվել զեկույցի վերջնամշակման համար:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի մոնիտորինգի արդյունքների զեկույցը ներկայացրել է առողջապահության ոլորտի փորձագետ Վիոլետա Զոփունյանը:

Ուսումնասիրությունն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականցվող «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների զարգացում-2018» ծրագրի շրջանակներում:

Զեկույցի համառոտագիրը հասանելի է կայքում: