2019 թ․ դեկտեմբերի 13-ից 14-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությունը Հայաստանի բարեփոխումների նոր օրակարգի լույսի ներքո» թեմայով միջգերատեսչական աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են պետական կառույցներ-հասարակական հատված երկխոսությանն ուղղված հարթակի ձևավորմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովի նպատակն էր անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ամրապնդումը և զարգացումը։ Միջոցառմանը մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և ծրագրերի մասնագետ-հետազոտող Միքայել Ավետիսյանը։

Աշխատաժողովին ներկա էին պետական կառուցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ Ազգային Ժողովից, Արտաքին գործերի նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից, Անվտանգության խորհրդի գրասենյակից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Ոստիկանությունից, Բարձրագույն դատական խորհրդից, Ազգային անվտանգության ծառայությունից, Քննչական կոմիտեից, Հատուկ քննչական ծառայությունից, Դատախազությունից, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Եվրոպայի խորհրդի գրասենյակից, ԵԱՀԿ-ից, Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևյան կենտրոնից, քաղաքացիական հասարակության և գիտա-կրթական կազմակերպություններից, ինչպես նաև միջազգային փորձագետներ:

Աշխատաժողովը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի քարտուղարության, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման (ԶՈՒԺՎ) Ժնևյան կենտրոնի կողմից։