Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ԵՄ վեց արևելյան հարևանների և ԵՄ անդամ երկրների պատվիրակների թվում ս.թ. նոյեմբերի 18-19-ին Բեռլինում մասնակցել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության երկրորդ համաժողովին: Ուժեղացնելով քաղաքացիական հասարակությունը` համաժողովն օգնել է վեց հարևան երկրների քաղաքացիական հասարակության և կառավարությունների միջև ամրապնդելու ժողովրդավարությունը, ինչպես նաև ընդլայնելու երկխոսությունն ու համագործակցությունը:

Համաժողովի աշխատանքները ընթացել են չորս աշխատանքային խմբերում. այն է` Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում, կայունություն, սահմանների կառավարում; Տնտեսական ինտեգրում, համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը; Էներգետիկա, կլիմայական փոփոխություններ, բնապահպանություն և Միջանձնային շփումներ:

Միջոցառման ընթացքում տեղեկատվություն է փոխանակվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, բացահայտվել են համագործակցության հնարավոր ուղիներն ու ոլորտները` հաշվի առնելով միջազգային թեմատիկ ցանցերի ստեղծումը, ինչպես նաև կոնկրետ հանձնարարականներ են մշակվել:

Աշխատանքային ենթախմբերի հանդիպման ժամանակ քննության են առնվել հետևյալ հարցերը. հանրային կառավարման բարեփոխում, վիզաների ազատականացում, տնտեսական ինտեգրում համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը, ԶԼՄ-ների անկախություն, դատաիրավական բարեփոխումներ, էներգետիկա և բնապահպանություն, կրթություն և երիտասարդների զարգացում, պայքար կոռուպցիայի դեմ, մարդու իրավունքներ, Արևելյան գործընկերության մոնիտորինգ, հետազոտական կենտրոնների համագործակցություն, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի ռազմավարական մտածողություն և փոքր ո միջին ձեռնարկություններ: