Նոյեմբերի 12-ի տեղի է ունեցել «ՔՀԿ-ների հարկային դաշտի և պետական ֆինանսավորման հեռանկարները» թեմայով քննարկում: Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կառույցների և ՔՀԿ ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ներկայացվել են ՔՀԿ հարկային դաշտի խնդիրները՝ առկա զարգացումները և հետագա քայլերը:

Բացման խոսքով հանդես են եկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ), գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը: ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման ու հարկային դաշտի վերաբերյալ հիմնական բացահայտումները և առաջարկները ներկայացրել է ԹԻՀԿ «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Մարգարյանը:

ՔՀԿ-ների հարկային դաշտի խնդիրների վերաբերյալ առաջարկները և ջատագովության առկա գործընթացները վեր է հանել «Զարգացման սկզբունքներ» ՀԿ փորձագետ Արմեն Պետրոսյանը: Իսկ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն»-ի (ECNL) ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովը ներկայացրել է ՔՀԿ-ների հարկային դաշտի վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու առկա պրակտիկան:

«ՔՀԿ պետական ֆինանսավորման աղբյուրների մոնիտորինգի» հիման վրա հիմնական բացահայտումների ու առաջարկների ներկայացմամբ հանդես է եկել «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը: Պետական ֆինանսավորման հետ կապված առկա զարգացումները «Բաց կառավարման գործընկերության» հանձնառության շրջանակներում ներկայացրել է «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ից Անի Թովմասյանը: ՔՀԿ-ների պետական ֆինանսավորման վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու առկա պրակտիկային է անդրադարձել Լյուբեն Պանովը:

Միջոցառումը կազմակերպվել է որպես «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» հիմնադրամի (ECNL) կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության բաղադրիչ։ Միջոցառման իրականացումը հնարավոր է դարձել «Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի» (ICNL) միջոցով Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական տարածք նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։ Այն կազմակերպվում է նաև Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակում։