Ս.թ. նոյեմբերի 15-16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը Վարշավայում մասնակցել է «Պայքար կոռուպցիայի դեմ» խմբային քննարկմանը Արևելյան գործընկերություն. պլատֆորմ 1-ի շրջանակում: Քննարկումը հիմնականում ծավալվել է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շուրջ, որի ընթացքում երեք խմբերում արծարծվել են հետևյալ թեմաները. քաղաքացիական հասարակության հսկողական դերը և մոնիտորինգը, ՀԿ-ների կողմից տրամադրվող փորձագիտական ծրագրերն ու տեխնիկական օժանդակությունը և իրազեկության բարձրացման քարոզարշավներն ու կրթական գործունեությունը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության լեհական փորձի վերաբերյալ կառավարության տեսակետը: Ներկայացվել է նաև զեկույց Արևելյան գործընկերության երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումներն ու քաղաքացիական հասարակության դերը թեմայով, որն ուղեկցվել է քննարկմամբ: Երկօրյա աշխատանքային քննարկումներն ամփոփվել են եզրակացություններով: