ԹԻ Ռուսաստանի մասնաճյուղի առաջարկությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի տարեկան ընդհանուր ժողովը սույնով առաջարկում է սահմանել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը կշնորհվի ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման շարքերում գերազանց գործունեության համար: Ամալյա Կոստանյանը, ով ԹԻ հայաստանյան մասնաճյուղի նախագահն էր, հանկարծամահ եղավ ս.թ. սեպտեմբերին: Նա իսկական հերոս էր, ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սատարողների դաշինքի ակտիվ անդամ և հայտնի էր կոռուպցիայի դեմ պայքարում իր անձնուրաց ու անվեհեր ներդրումով:

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը վառ կպահի նրա հիշատակը և կմեծարի իրենց օրինավորությամբ ու քաջությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ շարժման շարքերում աչքի ընկած այլ հերոսների: Մրցանակակրի ընտրության գործընթացը նման կլինի Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի օրինավորության համար մրցանակակի դափնեկիրների ընտրությանը: