Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ս.թ. նոյեմբերի 7-ից 9-ը մասնակցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ժողովին և տարեկան ընդհանուր ժողովին: Միջոցառմանը ներկա էին ԹԻ ավելի քան 100 մասնաճյուղերի և ԹԻ անհատ անդամների պատվիրակներ:

Ժողովն ընդունել է ԹԻ 2015 թ. ռազմավարությունը: Ռազմավարությունն ուղենշելու է ողջ ԹԻ շարժման գործունեությունը 2011-ից 2015 թթ., սահմանելով և նպաստելով ընդհանուր ուղղվածությանը, միաժամանակ ճանաչելով ու ամրապնդելով շարժման բազմազանությունը: Քարտուղարության համար մշակված 5-ամյա գործողությունների պլանը, որն ուրվագծում է, թե ինչ պետք է անել, ում կողմից, ինչ ժամանակահատվածում և ինչ բյուջեով, համալրում է ռազմավարությունը:

Պատվիրակները նաև ընտրել են տնօրենների խորհրդի և հավատարմագրման կոմիտեի նոր անդամներ:

ԹԻ-ն ընդունել է հայտարարություն, որով պետություններին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հափշտակված ակտիվների վերադարձման և սառեցված ակտիվների կառավարման ուղղությամբ: ԹԻ անդամները դիմել են ս.թ. նոյեմբերի 11-ից 12-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գումարվող 20-ի խմբի գագաթաժողովին, որպեսզի այն անհապաղ անդրադառնա նշված խնդիրներին: Բանգկոկի հռչակագիրը, որն ընդունվել է միաձայն, կառավարություններին կոչ է անում արագ արձագանքել տեղեկատվություն ապահովելու պահանջին` հափշտակված և սառեցված ակտիվների վերաբերյալ գործերին ընթացք տալու նպատակով:

Այդ հայտարարությունը Բանգկոկում անցկացված տարեկան ժողովի ավարտին` ԹԻ պատվիրակների կողմից հավանության արժանացած 3 բանաձևերց մեկն է: Պատվիրակները քվեարկել ու հաստատել են Ռուսաստանի իրավապահ մարմիններին ուղղված կոչը, որպեսզի վերջիններս պաշտպանեն մամուլի ազատությունն ու քաղաքացիական հասարակությունը և հետաքննեն լրագրողների ու ակտիվիստների վրա կատարված բոլոր հարձակումները, ինչպես նաև կանխեն նմանատիպ դեպքերը:

Երրորդ բանաձևը վերաբերում է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ սահմանելուն, որը շնորհվելու է ԹԻ շարքերում գերազանց գործունեության համար: Մրցանակի վերաբերյալ տեղեկատվությունը տեղ է գտել հաջորդ նյութում: