«Ես խնդիր եմ տեսնում` կապված ոչ թե կոռուպցիոն ռիսկերի, այլ այն հանգամանքի հետ, որ կառավարությունը չի ուզում թափանցիկ աշխատել և այն գործողությունները, որոնք իրենց կարծիքով լավ արձագանք չեն ստանա, չեն հանրայնացվում», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, թե վարչապետ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով կրկնապատկվել են նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը:

Հիշեցնենք, նախօրեին «Հետք» պարբերականը հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում էր, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը, ըստ պարբերական տրվել է հուլիս ամսին:

Վարուժան Հոկտանյանը ենթադրում է, որ իրականում ոչ թե աշխատավարձի բարձրացման մասին է խոսքը, այլ պարգևավճարների, որովհետև հակառակ դեպքում կստացվի այնպես, որ իշխանությունը ուղղակի շրջանցել է օրենքը։

Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ առհասարակ, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկը պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար արժանավայել աշխատավարձի ապահովումն է և երբ բարձրաստիճան պաշտոնյաները բավարար աշխատավարձ չեն ստանում, կոռուպցիոն ռիսկեր են առաջանում, սակայն նման հարցերում կառավարությունը պետք է թափանցիկ գործի։

Սկզբնաղբյուրը` Pastinfo