2019 թ. պետբյուջեն բացառիկ է չծախսված գումարով: Սկզբնական շրջանում չծախսված գումարը 330 միլիարդ դրամ էր: Իրականում համակարգված և մշակված տվյալներ չկան, թե այս տարվա բյուջեի որ ծրագրերով է եղել թերակատարում կամ, այլ կերպ ասած, ինչից է գոյացել բյուջեի «ավելցուկ»-ը, ինչը դժվարացնում է անկախ մասնագետների աշխատանքը հասկանալու իրական պատճառները:

Հայաստանի հանրային ռադիոյի հետ զրույցում ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշել է. «Կարելի է ասել 50 տոկոսից ավելի ճանապարհաշինության հետ է կապված այդ թերածախսը, բայց այդտեղ ուրիշ մասեր էլ կան, որ թերածախս է եղել: Նախկինում կոռուպցիոն ռիսկեր եղել են, բայց սխալ է ասել, որ դա է պատճառը: Մենք չենք կարող ասել՝ արդյո՞ք հակակոռուպցիոն գործոնն է հիմնական պատճառը, որակը, թե գնումների գործընթացներում ավելի խիստ վերահսկողությունը»:

Սկզբնաղբյուրը` Հայաստանի հանրային ռադիոյի կայքէջ