Հոկտեմբերի 18-ին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Հակակոռուպցիոն ռազմավարություն․ ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիան կրթության ոլորտից» թեմայով։ Քննարկման բանախոսները, այդ թվում` ԹԻՀԿ հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանն անդրադարձել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրին, հատկապես կրթության համակարգում կոռուպցիայի հիմքերին և դրա դեմ պայքարին:

Դիանա Տեր-Ստեփանյանը ներկայացրել է ԹԻ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) 2016թ. Հայաստանի տվյալները և համեմատել դրանք այսօրվա իրավիճակի հետ, նշելով` պահանջատեր ուսանողն է այն միակ գրավականը, որ կրթական համակարգում և մասնավորապես բուհում տեղի ունենան բարեփոխումներ: Պահանջատիրությունը միակ շարժիչ ուժն է, որի վրա հիմնվելով` կարելի է կրթության որակի մեջ փոփոխություն կատարել:

Ըստ ԿՀԲ 2016թ. Հայաստանի տվյալների` հարցվածների 63 տոկոսը կարծում էր, որ շարքային քաղաքացու ներգրավվումը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի փոխի, ինչը ԱՊՀ տարածքում ամենացածր ցուցանիշն էր: Հայաստանը տարածաշրջանի 42 երկրների մեջ գտնվում էր վերջին տեղում, քանի որ հարցվողների 67 տոկոսը նշել էր, որ չի բարձրաձայնի կոռուպցիոն դեպքերի մասին, եթե դրանց առնչվի կամ վկա լինի:

Քննարկման մյուս բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը:


Սկզբնաղբյուրը` Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջ