Ս.թ. նոյեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշակած «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների» ծրագրի շրջանակում GTZ հայաստանյան գրասենյակի կազմակերպած միջոցառմանը ներկա էին փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, պետական կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել GTZ կազմակերպությունից Վարդան Պողոսյանը, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանց-Յոգան Շմիդթը: «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա կարծիքով օրենսդրությունը բարեփոխելու գաղափարը ծնվել էր դեռևս մայիսին` հավաքների ազատության վերաբերյալ իր արտահերթ զեկույցը հրապարակելուց հետո: Օրենսդրության և գործնականում դրա կիրառման ընթացքում ծագած լուրջ խնդիրները շարունակել են պահպանվել, որոնք ակնառու դարձան հատկապես 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո:

Քննարկմանը մասնակցել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները: Հանդիպմանը հրավիրված Մոլդովայի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանների ներկայացուցիչներն անդրադարձել են իրենց երկրների համապատասխան օրենքներին:

Օրինագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվելու են: Իրենց եզրակացությունները կտան կառավարության, Ազգային ժողովի փորձագետներն ու իրավաբանները:

Տես «Հավաքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ