Կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ վարչապետի աշխատակազմին փոխանցվել է 48 մլն 900 հազար դրամ, որից 26 միլիոնը կհատկացվի «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից բխող` Հայաստանի տարբեր հատվածներում «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսով պաստառների տպագրության և վահանակների միջոցով հանրայնացման համար:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Ազատության» հետ զրույցում ասում է, որ մեկ անձից գնումը կոռուպցիոն տեսանկյունից միշտ ավելի ռիսկային է, և ավելի նախընտրելի է մրցութային ընթացակարգը։ «Կառավարության կայքում այս ընթացակարգով գործարքների թիվը այս տարվա մայիսին կազմել է 156, մինչդեռ նախորդ տարի եղել է ընդամենը 12-ը: Այն, որ այս ընթացակարգով գնումների դինամիկան մեծացել է, նախորդ նիստին արձանագրել է նաև վարչապետ Փաշինյանը՝ հորդորելով գործընկեների ավելի հաճախ մրցույթներ հայտարարել», - նշել է Հոկտանյանը:

Վարուժան Հոկտանյանը նկատում է, որ նման դինամիկան չի բխում հեղափոխության օրակարգից․ - «Բոլորս գիտենք, որ մեկ անձից գնումներն ամենառիսկային գնումներն են կոռուպցիոն առումով: Դրանք, այսպես ասած, դասագրքային ճշմարտություններ են: Ուղղակի պետք է ավելի խորանալ, թե ինչու հենց մեկ անձից է լինում գնումը: Պատճառները շատ կարող են լինել: Ասենք, կարող է լինել, որ ուղղակի հենց կոռուպցիոն ռիսկը՝ ծանոթներ և այլն, պլյուս՝ հնարավոր է նաև ատկատը: Դա ես չգիտեմ, կարող է կա, կարող է չկա»:

Սկզբնաղբյուրը` «Ազատության» կայքէջ