«168 ժամ»-ին տված հարցազրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը ներկայիս` քաղաքական կամքի պայմաններում և թալանված ակտիվների վերադարձին:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` Global financial integrity կազմակերպության հետազոտության համաձայն՝ 2003-2013 թթ. ընթացքում Հայաստանից դուրս էր բերվել մոտ 10 մլրդ դոլար: Հոկտանյանը գտնում է, որ այդ ամենը հետ բերելը լրջագույն գլոբալ խնդիր է, և միայն Հայաստանը չպետք է լուծի։ «Մենք պետք է շատ ակտիվ լինենք, որ միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ՀԲ-ն, ԱՄՀ-ն, կարողանան լուրջ քայլեր ձեռնարկել»,- նշել է նա:

«Կա նաև մյուս լուծումը, որ փոփոխական հաջողությամբ տարբեր երկրներում կիրառվել է, փորձել այդ թալանվածն ինչ-որ կերպ աշխատեցնել, որ պայմանական համաներում հայտարարվի, որ թալանած գումարները ներդրվեն։ Այդ դեպքում պետք է ապացուցվի, որ թալան է եղել», շարունակում է Հոկտանյանը: «Այստեղ կա մեկ այլ լուրջ քաղաքական խնդիր՝ պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ հնարավոր լինի դա իրականացնել։ Այսինքն՝ իշխանությունների կողմից լինի խոստում, որ ռեպրեսիաներ չեն լինի, բայց մյուս կողմից՝ նաև նախկինները, որ թալանել են, բարեխղճորեն այդ ներդրումն անեն։ Սա շատ լուրջ փոխվստահության խնդիր է»,- նշել է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավարը։

168 ժամի հարցազրույցը