Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության փորձագետների հետ` քննարկելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը Հայաստանում: Հանդիպման նպատակը դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր: Ի թիվս այլ շահագրգիռ կողմերի, հանդիպմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում` ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության առաջարկով Հայկ Մարտիրոսյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտում պետության կողմից ներկայացված մի շարք նախագծերի, հատկապես դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության նախագծի, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկները։

ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետը ներկայացրել է նաև հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում հակակոռուպցիոն նոր մարմինների ձևավորման իրավական մեխանիզմների վերաբերյալ ԹԻՀԿ մոտեցումները՝ մատնանշելով այդ մարմինների կազմակերպական և գործառույթային իրավակարգավորումներում հակակշիռների գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։