Սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել քննարկում՝ «ԼՂ ՏԻՄ ընտրություններ, հետընտրական գնահատականներ» թեմայով, որի բանախոսներից էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը, ով ներկայացրել է Արցախում ՏԻՄ ընտրությունների դիտարկումը «Ականատես» դիտորդական առաքելության շրջանակում` Արցախի «Քաղաքացիական հաբ» նորաստեղծ ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունները Արցախի ընտրական մշակույթին ծանոթանալու առաջին փորձն էր: Ալեքսեյ Պետրոսյանն անդրադարձել է կարճաժամկետ դիտորդության ընթացքին, Հայաստանի և Արցախի ընտրական օրենսգրքերի միջև տարբերություններին: Ըստ Պետրոսյանի` քվեարկությունն անցել է հանդարտ և մրցակցային մթնոլորտում, արձանագրված խնդիրները դրվագային էին և համակարգային բնույթ չէին կրում:

«Ունեցել ենք 103 դիտորդ, 53-ը Արցախից և 50-ը` Հայաստանից: Սա հնարավորություն է տվել ոչ միայն զույգերով աշխատելու, այլև որոշակի փորձի փոխանակում իրականացնելու Հայաստանի և Արցախի դիտորդների միջև, ինչը դիտարկում ենք որպես կարևոր բաղադրիչ Արցախի քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման համար` վերջինիս դարձնելով ավելի լավ դիրքավորված հետագա ընտրական գործընթացներում ավելի ակտիվ դիտարկումներ իրականացնելու նպատակով», - նշել է Պետրոսյանը:

Մանրամասները` «Մեդիա կենտրոն»-ի տեսանյութում