Ս.թ. հոկտեմբերի 29-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը մասնակցել է Էկոլոգիական հասարակական դաշինքի կազմակերպած աշխատանքային քննարկմանը և հադես է եկել ելույթով: Միջոցառումը նվիրված էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենտրոնական հատվածի կարգավիճակը իջեցնելու և արգելավայր հիմնելու խնդրին: Բնապահպան հասարակայնությունը խիստ մտահոգված է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գոյությանը սպառնացող խնդիրներով, որոնք ծագել են ՀՀ կառավարության կողմից 2007 թ. ընդունված մի շարք որոշումների արդյունքում:

ՀՀ կառավարության որոշմամբ (ՀՀ կառավարության 24.05.2007թ. N 673-Ն որոշում) «Գիլան» պետական արգելավայրի հիմնումից հետո 118 հա տարածքը 60 տարի ժամկետով հանձնվել է վարձակալության: Արգելավայրի տարածքում իրականացվում են լայնածավալ կառուցապատման աշխատանքներ: ՀՀ կառավարության որոշումներն ընդունվել են առանց համապատասխան գիտական հիմնավորման, առանց համաձայնեցնելու շահագրգիռ հասարակայնության հետ: Չնայած որ տարածքում առկա են պատմամշակութային հուշարձաններ, ՀՀ կառավարության որոշումները համաձայնեցված չեն նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Անկախ փորձագետների և հասարակական կազմակերպությունների կարծիքով` նշված որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը, ինչպես նաև` միջազգային բնապահպանական կոնվենցիաներով ամրագրված սկզբունքներին ու պարտավորություններին: