Գլխավոր էջ Նորություններ «Ականատես»-ը կդիտարկի Արցախի ՏԻՄ ընտրությունները
Նորություններ
2019 Սեպ
6

«Ականատես»-ը կդիտարկի Արցախի ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի 8 2019 թ.

«Ականատես» դիտորդական առաքելությունն  Արցախում իր գործընկեր «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ համատեղ Արցախի Հանրապետությունում  2019 թ․ սեպտեմբերի 8-ին կդիտարկի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

«Ականատես»-ի շուրջ 80 կարճաժամկետ դիտորդներ Արցախից և Հայաստանից կդիտարկեն քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացները Արցախի Հանրապետության 40 տեղամասերում։

Բացի տեղամասերից շրջիկ դիտորդների 10 խումբ կդիտարկեն քվեարկության գործընթացները դիտորդությունից դուրս մնացած տեղամասերում և տեղամասերին հարող տարածքներում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կայցելեն թեկնածուների նախընտրական շտաբներ։

Քվեարկության օրը «Ականատես»-ը պարբերաբար կհրապարակի տեղեկատվություն քվեարկության գործընթացների վերաբերյալ առաքելության ֆեյսբուքյան էջում։

Դիտորդական առաքելության նախնական արդյունքների ներկայացման նպատակով 2019 թ․ սեպտեմբերի 9-ին, ժամը 12։00-ին «Արմատներ» սրճարանում (հասցե՝ Վ․ Սարգսյան փող․ 16/38, Ստեփանակերտ, ԱՀ) տեղի կունենա մամուլի ասուլիս։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել առաքելության հետ 097 715 706  հեռախոսահամարով։

Սույն առաքելությունը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսական աջակցությամբ։

«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հիմնվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ), «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախաձեռնությանը անդամակցում է նաև Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը: Արցախում նախաձեռնությունն համագործակցում է «Քաղաքացիական հաբ» հասարակական կազմակերպության հետ։

«Ականատես»-ը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին։ Նույն տարում կայացած Երևանի ավագանու ընտրություններին այն իրականացրել է կարճաժամկետ, իսկ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ և՛ երկարաժամկետ, և՛ կարճաժամկետ դիտորդական առաքելություն: 

2019թ․ փետրվար և հունիս ամիսներին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների շրջանակներում «Ականատես»-ն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն Հայաստանի 7 մարզերում։