Սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) նիստը, որին մասնակցել են ԲՇԽ անդամները, այդ թվում` ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Նիստի սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է մասնակիցներին հունիսի 18-19-ը Փարիզում կայացած ԱՃԹՆ -ի Համաշխարհային համաժողովի ժամանակ նախագահության կողմից մեր երկրին շնորհված մրցանակի կապակցությամբ: Ընդամենը երկուսուկես տարի է ինչ Հայաստանն անդամակցում է ԱՃԹՆ-ին, և կազմակերպության 52 անդամ-երկրների մեջ նման գնահատանքի արժանանալը մեծ ձեռքբերում և, միաժամանակ, հավելյալ պատասխանատվություն է։

Փոխվարչապետն ասել է, որ ներկայումս ակտիվորեն ընթանում են իրական սեփականատերերի բացահայտման համակարգի ստեղծման աշխատանքները։ Մասնավորապես, ԱՃԹՆ-ի՝ իրական սեփականատերերի բացահայտման միջգերատեսչական աշխատանքային խումբը կատարում է իրական սեփականատերերի բացահայտումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:

Նիստի ընթացքում հաստատվել է «Հայաստանյան ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի մոտեցումը պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ» հայեցակարգային փաստաթուղթը, որում ներկայացված են պատասխանատու հանքարդյունաբերության մշակույթի ներդրման տեսանկյունից բազմաշահառու խմբի կողմից առաջադրված գերակա ուղղությունները:

Քննարկվել են նաև Հայաստանի ԱՃԹՆ-ի առաջին միջազգային վավերացման գործընթացին, ԱՃԹՆ-ի 2-րդ ազգային զեկույցի կազմման համար անկախ ադմինիստրատորի ընտրությանը և այլ թեմաներին վերաբերող հարցեր:

Սկզբնաղբյուրը` ՀՀ կառավարության կայքէջ