«Ազատություն» ռադիոկայանի «Կովկասյան խաչմերուկ» ծրագրի և «Էխո Կավկազա» ծառայության հյուրեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ադրբեջանի մասնաճյուղի գործադիր տնօրեն Ռենա Սաֆարալիևան և Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի մասնաճյուղի հետազոտող Էրեկլե Ուրուշաձեն քննարկել են ԹԻ 2010 թ. ԿԸՀ ուսումնասիրության հարավկովկասյան երկրների վերաբերյալ տվյալները: Նրանք ներկայացրել են Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ԹԻ ԿԸՀ-ն` մեկնաբանելով այդ արժեքների նվազումը կամ աճը:

Չնայած Վրաստանի ԿԸՀ արժեքը ամենաբարձրն է, իսկ Ադրբեջանինը` ամենացածրը հարավկովկասյան տարածաշրջանում, Վրաստանի արժեքը նվազել է 0.3-ով (2009-ին գրանցված 4.1-ից 2010-ին հասնելով 3.8-ի), Ադրբեջանի արժեքն ավելացել է 0.1-ով (2009-ին գրանցված 2.3-ից 2010-ին հասնելով 2.4-ի), իսկ Հայաստանինը` նվազել է 0.1-ով (2009-ին գրանցված 2.7-ից 2010-ին հասնելով 2.6-ի):

Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է 2010 թ. ԿԸՀ-ն հաշվարկելու մեթոդաբանությանը և աղբյուրներին: Նա նաև հաղորդել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի այս տարվա գլխավոր ուղերձը` եղած օրենքների և կանոնների կիրարկումը, առավել քան լավ օրենքների առկայությունն են էական դեր խաղում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի ընկալման մակարդակին, Հայաստանում ԿԸՀ-ն արտացոլում է լճացման գործընթաց: ԿԸՀ արժեքի նվազումը 0.1 միավորով չի կարող համարվել կոռուպցիայի մակարդակի նվազման միտում, այն ավելի շուտ վիճակագրական սխալ է:

Բանախոսները նաև հանգամանորեն անդրադարձել են համապատասխան երկրների կառավարությունների վրա ԹԻ ԿԸՀ-ի ունեցած ազդեցությանը և կոռուպցիայի դեմ նրանց պայքարին: Մյուս բանախոսներն արծարծել են իրենց երկրների կողմից իրականացված բարեփոխումներն ու ԿԸՀ-ի ու ԹԻ մեկ այլ ուսումնասիրության` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի միջև եղած տարբերությունը: 2009թ. ԿՀԲ-ի տվյալների համաձայն` հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 43%-ը նախորդ 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել: Նրանք հանգել են այն եզրակացության, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենքները իրականում կիրարկելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք:

Մանրամասների համար ունկնդրեք «Ազատություն» ռադիոկայանի «Կովկասյան խաչմերուկ» ծրագրի թողարկումը ռուսերեն