Ս. թ. հոկտեմբերի 27-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գումարել է ընդհանուր ժողովի արտահերթ նիստ մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով: Քննարկված հարցերի թվում էին Ամալյա Կոստանյանի վաղաժամ կորստի հետևանքով Խորհրդի անդամի, կազմակերպության նախագահի ընտրությունը, ինչպես նաև նոր անդամի ընտրությունը, աշխատանքային խմբի ստեղծումը Ամալյա Կոստանյանի անվան կրթաթոշակի, հիմնադրամի կամ մրցանակի սահմանման նպատակով և Կոստանյանի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսի կազմակերպման հարցի քննարկումը:

Քվեարկության արդյունքում Վազգեն Կարապետյանն ընտրվել է որպես ԹԻՀԿ Խորհրդի անդամ, Սոնա Այվազյանը` Խորհրդի նախագահ: Ալեն Ամիրխանյանն ընտրվել է ԹԻՀԿ անդամ, Վախթանգ Սիրադեղյանը` նորաստեղծ աշխատանքային խմբի համակարգող, իսկ Լանա Կառլովան, Սուրեն Սաղաթելյանը, Սարգիս Լալայանը, Մարինա Քլյանն ու Ալեն Ամիրխանյանը` անդամներ: Քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանի հիշատակին նվիրված ֆոտոցուցահանդեսի կազմակերպման աշխատանքում ակտիվորեն ներգրավված են ԹԻՀԿ անդամ Հրայր Սավզյանն ու Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: