Քաղաքացիական հասարակության պահանջը ՀՀ իշխանություններին
2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության Հայաստանին վերաբերող հատվածը:
Ներկայացված արձանագրության հայերեն թարգմանված շեշտադրումների համաձայն՝ (…) 1. ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 3. Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 6. Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։
Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակային կարգով հասանելի տեղեկատվության համաձայն՝ 119-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-22-ը:
Կից ներկայացվող փաստաթղթերին, այդ թվում, նստաշրջանի զեկույցի` արձանագրությանը, հասանելիությունը սահմանված է միայն լիազորված անձանց համար:
Ըստ Վենետիկի հանձնաժողովի Կանոնակարգի՝ Հանձնաժողովի փաստաթղթերի պատրաստման և շրջանառման համար պատասխանատու է Քարտուղարությունը: Փաստաթղթերը, որպես կանոն, նախապես ուղարկվում են Վենետիկի հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, փոխարինող անդամներին:
Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝ Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:
Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանափակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց:
Վենետիկի հանձնաժողովում, ըստ պաշտոնական՝ 15 հուլիսի 2019 թվականին առկա տեղեկատվության, որպես հիմնական անդամ Հայաստանի Հանրապետությունից նշանակված է Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակով: Որպես փոխարինող անդամ՝ նշանակված է GIZ Հայաստանի թիմի ղեկավար Վարդան Պողոսյանը: Երկու ներկայացուցիչներն էլ ներկայացվել են նախորդ իշխանությունների կողմից և հանդիսացել են 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, գործող Սահմանադրության, ըստ էության, դրույթների հեղինակներ:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան այցելել է 2019 թվականի մայիսի 30-31-ը և հանդիպումներ է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ:
Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:
Առկա հրապարակային տեղեկատվության համաձայն՝ «վեթինգի» գաղափարը քննարկվել է միայն ՀՀ Արդարադատության Նախարարության հետ, որի համաձայն` (…) ««Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»:
Փաստացի, հրապարակված պաշտոնական տեղեկատվությամբ՝ «վեթինգի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանի արձանագրության մեջ նշված պայմանավորվածություններ չեն եղել:
Վահե Գրիգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն այցից մոտ 2 շաբաթ անց և Վենետիկի Հանձնաժողովի նստաշրջանից 3 օր առաջ:
Վահե Գրիգորյանը որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր երդվել է 2019 թվականի հունիսի 20-ին, և ներկայացված «դատավոր»-«անդամ» բառերով տարբերակումը շրջանառվել է դրանից անմիջապես հետո, այսինքն՝ Վենետիկի Հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ:
Փաստացի, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցի շրջանակներում Սահմանադրական դատարանին առնչվող հարցերը չէին կարող քննարկվել, և ըստ էության, օրակարգում և արձանագրությունում կարող էին տեղ գտնել միայն Վենետիկի հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:
Հաշվի առնելով այս փաստերը՝
ՀՀ իշխանություններից պահանջում ենք
- Հանրայնացնել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության 2019 թվականի մայիսի 30-31-ն այցի շրջանակներում պետական համապատասխան ինստիտուտների հետ հանդիպումների ժամանակ քննարկված ամբողջական տեղեկատվությունը:
- Հանրայնացնել տեղեկություններն այն մասին, թե Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանում ով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում «վեթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը։
- Դիմել Վենետիկի Հանձնաժողով տեղեկություն պահանջելով, թե ով է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանի օրակարգով ՍԴ «անդամ»-«դատավոր» տարբերակումներին անդրադառնալու հարցը և հանրայնանցրել այն:
- Վենետիկի Հանձնաժողովի հետ հարաբերությունները վերասահմանել այնպես, որ հստակորեն ներկայացվի ժողովրդի կամքը հետհեղափոխական բարեփոխումներում:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
Կարեն Թումանյան, փաստաբան
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
Իրավունքի զարգացման պաշտպանության հիմնադրամ
«Երևանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ազատ քաղաքացի” քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենրոն» ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
17 հուլիսի 2019 թվական
ք. Երևան