2015 թ. ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին փոխարինելու է նորը՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը։ Հին «հակակոռուպցիոն» ՀԿ-ները, ի դեմս «Քաղհասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի», բոյկոտում են նոր խորհրդի համալրման համար մրցույթը։

Ըստ վարչապետի 808-Ն որոշման, հակակոռուպցիոն նոր մարմինը կազմված է 11 պետական պաշտոնյաներից ու պատգամավորներից՝ վարչապետ, փոխվարչապետ, արդարադատության նախարար, ԲԴԽ նախագահ, գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և այլք, նաև 5 ՀԿ-ների ներկայացուցիչներից։ Խորհրդի կազմից դուրս են մնացել Հանրային խորհուրդը, «Քաղհասարակության հակակոռուպցիոն կոալիցիան», Հայաստանի համայնքների միությունը, ընդդիմադիր խմբակցությունները, ինչը Կարեն Զադոյանի նախագահությամբ գործող կոալիցիայի դժգոհության պատճառներից է։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը բացատրում է․ «Խորհրդի գործառույթները մոտավորապես նույնն են, ինչ նախկինում։ Հիմնական փոփոխությունը կատարվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասով։ Նախկինում պետք է մրցութային հանձնաժողով լիներ, որը մրցույթով որոշում էր 5 անդամներին եւ նրանց առաջարկում էր ԱԺ-ին։ Նոր օրենքով մրցութային հանձնաժողով չի լինելու։ Եթե նախկինում թեկնածուներն առաջադրվում էին մրցութային հանձնաժողովին, հանձնաժողովը նրանց ներկայացնում էր խորհրդարան, վերջինս էլ քվեարկում էր, ապա հիմա կառավարությունը, բարձրագույն դատական խորհուրդը, ԱԺ խմբակցությունները միանգամից թեկնածությունները առաջադրում են ԱԺ-ին, հետո ԱԺ-ն քվեարկում է»։

Սկզբնաղբյուրը` hraparak.am