ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջարկում ենք հանել շրջանառությունից հետևյալ պատճառաբանությամբ․

Սույն թվականի մայիսի 16-17-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որում առաջարկվել են հայեցակարգային փոփոխություններ և լրացումներ։ Արդյունքում որոշվել էր շարունակական դարձնել նախագծի շուրջ քննարկումները և ներկայացնել համալիր փաստաթուղթ մինչև 2020թ․, որի նպատակն է՝ համապատասխանեցնել ներկայիս օրենսգիրքը Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները։

Ստացվում է, որ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող երկու նախարարություններ ներկայացնում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների տարբեր նախագծեր, ինչն անթույլատրելի է, քանի որ նման իրավիճակներում հնարավոր չէ բացառել հակասությունների և բացթողումների հավանականությունը։ Այս առումով հարկ է նշել, որ պետությունը պետք է առաջնորդվի միևնույն ոլորտը բարելավեուն ուղղված մեկ տեսլական ձևավորելու գաղափարախոսությամբ և այս տեսանկյունից ողջամիտ չէ շահագրգիռ կառույցների կողմից ներկայացված երկու նախագծերի վերաբերյալ ներկայացնել դիտարկումներ և մեկնաբանություններ։

Վերոնշյալ հանգամանքից ելնելով՝ առաջարկում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկման ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ ներկայացված և որոշակի քննարկումներ անցած նախագծի շրջանակներում։

Տես` առաջարկը ԹԻՀԿ կայքում