Հունիսի 13-ին տեղի է ունեցել «ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում» զեկույցի ներկայացում և քննարկում։ Միջոցառմանը մասնակցել են հանրակրթության ոլորտով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, պետական և տարածքային մարմինների շուրջ 30 ներկայացուցիչներ: Քննարկումը վարել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Բացման խոսքով հանդես են եկել Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը: Զեկույցը ներկայացրել է «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» փորձագետ Մարինա Գալստյանը։

Զեկույցով փորձ է արվել տեսնել դպրոցի նյութատեխնիկական պայմանների կապը կրթության որակի հետ, ձևավորել հոգատարության, թափանցիկության մշակույթ: Քննարկման արդյունքում առաջարվել են օրենսդրական կարգավորումներ:

«Շատ երկար է մշակվել մեթոդաբանությունը և համաձայնեցվել է Կրթության և գիտության նախարարության հետ։ Դիտարկումներն իրականացվել են մարզային 50 դպրոցներում` յուրաքանչյուր մարզից 5 դպրոց է ներառվել, այդ թվում՝ ամենափոքր գյուղական դպրոցները՝ փոքրաթիվ աշակերտներով»,- նշել է Լ. Բարսեղյանը։ Նա կարծում է, որ այն պատկերը, որ վեր է հանվել, նախորդ տարիների վարած քաղաքականության արդյունք է, բայց հույս է հայտնել, որ այս իշխանությունը հաշվի կառնի խնդիրները։

Դիանա Տեր-Ստեփանյանն անդրադարձել է ուսումնասիրությունն իրականացնելու դրդապատճառին: «Սոցիալական պայմանների ծայրահեղ բևեռացումը ստիպեց մեզ լուրջ ուսումնասիրություն անցկացնել` հասկանալու, թե կրթության իրավունքը ինչպես է իրացվում, և պետությունն ինչպես է ապահովում երեխայի լավագույն շահի վրա հիմնված կրթության իրավունքի իրացումը»,- ասել է Տեր-Ստեփանյանը:

Լարիսա Մինասյանն իր խոսքում նշել է, որ ԲՀՀ-Հայաստանի աշխատանքը միտված էր աջակցելու պետական քաղաքականությանը: «Հիմնարար խնդիրներ կային դպրոցներում, որոնք թույլ չէին տալիս լավագույնս օգտագործել մեր և մյուս դոնորների աջակցությունը»,- ասել է Լ․ Մինասյանը: Նա հույս ունի, որ նոր կառավարությունը հաշվի կառնի այդ մտահոգությունները կրթության որակը բարելավելու ուղղությամբ:

Տիգրան Գալստյանն իր խոսքում նշել է, որ նորմատիվ ակտերով սահմանված նորմերը դեկլարատիվ բնույթ են կրում և ենթակա են փոփոխման, և որ զեկույցում ներկայացվող առաջարկությունները կներկայացվեն նախարարությանը դրանք հաշվի առնելու նպատակով:

Ներկայացման ժամանակ հիմնական բանախոս Մարինա Գալստյանն անդրադարձ է կատարել դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների, նյութատեխնիկական ապահովվածության, անհրաժեշտ գույքի առկայության և դպրոցների այլ պայմանների համապատասխանությանը ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված նորմերին, ինչպես նաև այդ պայմանների վերաբերյալ ուսուցիչների և աշակերտների գնահատականներին: Մ. Գալստյանը նշել է, որ առաջարկությունները մշակվել են 10 մարզերում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպած քննարկումների արդյունքում: Ըստ Մ. Գալստյանի` ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա միջորդավորված կապ նյութատեխնիկական պայմանների և աշակերտների առաջադիմության միջև։

Ուսումնասիրությունն իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում, ինչպես նաև «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան» հիմնադրամի օժանդակությամբ:

aravot.am Լեւոն Բարսեղյան. «Մեզ ծառայողները պարտավոր են ուշադիր լինել այս եւ այլ մշտադիտարկումներին»
factor.am Մարզային դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ պայմանները մտահոգիչ են. 17 դպրոցում ճաշարան չկա