ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը քննարկելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունում հունիսի 7-ին տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, նախարարության աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առաջարկություններ էին ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը և հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը և դրա հետ կապված առանցքային խնդիրները` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրության շուրջ առկա դիրքորոշումը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերակատարման բարձրացման անհրաժեշտությունը: Փոխնախարարը անդրադարձել է նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության մեկ միասնական մարմնի ու հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծման հետ կապված այլ հարցերի:

ԹԻՀԿ փորձագետները առաջարկել են ռազմավարության մշակմանը ներգրավել այլ փորձագետների, մասնավորապես՝ տնտեսագետների, որոնց կարծիքը ռիսկերի մասով անհրաժեշտ է հաշվի առնել:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ը առաջարկություններ է ներկայացրել ակտիվների վերադարձի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, հակակոռուպցիոն ռազմավարության և այլ հարցերի վերաբերյալ:

Լուսանկարները և մանրամասները` ՀՀ արդարադատության նախարարության կայքէջի` http://www.moj.am/article/2389