Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ աջակցությամբ հունիսի 6-ին ԱՄՆ նահանգապետ, քաղաքական գործիչ Հովարդ Դինը հանդես է եկել դասախոսությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ-ի իրականացրած «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանը, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Նիքոլսը և այլ անձինք։

Երիտասարդները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց ծրագրերն ու պատմությունները, տարբեր մարզերում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Հովարդ Դինը նշել է, որ փոփոխությունները սկսվում են ներքևից վերև և ոչ հակառակը, ուստի Հայաստանը՝ ի դեմս երիտասարդների, մեծ ներուժ ունի։ Նահանգապետը երիտասարդներին պատմել է իր մասնագիտական-աշխատանքային ուղու, տարբեր տարիների ընթացքում քարոզարշավների կազմակերպման ընթացքում ծագած խնդիրների, կայացրած հրատապ ու կարևոր որոշումների մասին։ ՔԵԿ ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել Հ․Դինին ուղղել մի շարք հարցեր, լսել վերջինիս հարուստ կենսափորձի խորհուրդները։