Infocom-ն անդրադարձել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի ելույթին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Հարգելի գործընկերներ մենք այսօր քննարկում ենք մի խնդիր, որը հիմք է հանդիսանալու հետագայում անցումային արդարադատության իրականացման հարցը պարզաբանելու համար և այս տեսանկյունից շատ կարևոր է քննարկել հետևյալ խնդիրը՝ հանրության վերաբերմունքը այդ ինստիտուտի կիրառմանը և հետևյալ հարցերի պատասխանը, թե չունե՞նք մենք այսօր իրավակարգավորումներում անհրաժեշտ գործիքակազմ, որը զարգացնելով կարող ենք հանգել շատ ավելի լավ արդյունքների և անցումային արդարադատությունը դիտարկել որպես, ըստ էության, ծայրահեղ միջոց։

Ըստ էության մենք վաղուց ունենք այդ գործիքակազմը, ինչ վերաբերում է վեթինգին և ակտիվների վերադարձի իրավակարգավորումներին։ Մասնավորապես գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով վեթինգ եթե բովանդակային առումով ասենք, մենք ունենք դա վաղուց, 2012 թվականից մենք ունենք հանրային ծառայության մասին օրենք, որով պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների, ընդ որում նաև փոխկապակցված անձանց, հայտարարագրեր։

Եթե այդ ինստիտուտը մենք կարողանանք զարգացնել բնականաբար էստեղ համապատասխան օրենսդրական փոփոխություններով հնարավոր է կանոնակարգել այդ դաշտն այնպես, որ եթե պաշտոնատար անձը չկարողանա հիմնավորել իր գույքի, եկամուտների հիմնավորվածությունը, ապա պետք է նախատեսել նրա պաշտոնավարման դադարեցման հիմք։

Ինչ վերաբերում է վեթինգի կիրառմանը և անցումային արդարադատությանը, ապա դա ենթադրում է սահմանադրական փոփոխություններ, որոնք պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով, իսկ այն մեխանիզմները, որոնք մենք առաջարկում ենք, շատ ավելի արդյունավետ են և միայն օրենսդրական համապատասխան փոփոխությունները կարող են տալ դրա իրականացման մեխանիզմները։

Նախ, ակտիվների վերադարձման մասին է շատ խոսվում և մատնանշվում է, որ միջազգային փաստաթղթերը Հայաստանին պարտադրում են իրականացնել ակտիվների վերադարձ բացառապես անցումային արդարադատության շրջանակներում։ Իրականում դա այդպես չէ և միջազգային փաստաթղթերը Հայաստանին զուտ խորհրդատվական կարգով են դա ներկայացնում և պարտադիր չի, որ ակտիվների վերադարձը իրականացվի բացառապես անցումային արդարադատության շրջանակներում։

Պետք է արձանագրել մի բան, պետությունը ինչ մարդկային և նյութական ռեսուրսներ է ծախսելու այդ գործընթացի համար և ինչ ակնկալիք ունի նպատակների տեսանկյունից։ Այս գործընթացը բավականին նուրբ է և պետք է ենթադրել, որ այն կարող է նաև ազդեցություն ունենալ տնտեսության վրա, որովհետև թալանված ակտիվների մի զգալի հատվածը ներդրվել է մեր ներքին տնտեսության մեջ և դրանց վերադարձի իմաստով պետք է ուսումնասիրել նաև տնտեսության կառուցվածքը։

Բայց որպես նպատակ գործընթացի ամբողջ պրոցեսում պետք է թափանցիկությունը և հակակոռուպցիոն ռիսկերի բացառումը լինի։ Մասնավորապես որպես նպատակ, որը կարող է նաև ծառայել տնտեսական հեղափոխության համար, պետք է դիտարկվի այդ միջոցների վերադարձի պարագայում դրանք միասնական տնտեսության վերածննդին կամ վերակենդանացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը։ Կամ նախկին ռեժիմից տուժածների միջոցների վերացմանը։ Ուզում եմ ասել սրանք խորը, համապարփակ վերլուծությունների պետք է ենթարկվեն նոր մենք կարողանանք պատասխանել հարցին, թե նպատակահարմար է արդյո՞ք այդ ինստիտուտի ներդրումը։

Շնորհակալություն»

Սկզբնաղբյուրը` https://infocom.am/?p=5512&l=am&fbclid=IwAR1gA596PaLwSsFd445RaXgsCdiRcBHAArbT3I2PmDWU86mvDpdNXFV5zBI